Սփյուռքագիտական հետազոտությունները հայագիտական հետազոտությունների անքակտելի մասն են:
Հայ ժողովրդի խոշոր զանգվածները դեռևս միջին դարերում հեռանալով հայրենիքից` հաստատվել են հարևան և հեռավոր երկրներում` հիմք դնելով հայկական գաղթավայրերին, որոնք գոյատևել են նաև հետագա դարերում` անընդհատ համալրվելով Հայաստանից հեռացող հայության խմբերով:
Հայոց Ցեղասպանության տարիներին հարյուրհազարավոր հայեր ստիպված հեռացան հայրենիքից` մի կողմից թարմացնելով հին գաղթավայրերը, իսկ մյուս կողմից` ստեղծելով բազմաթիվ նորերը: Այդ ժամանակ հայրենիքից դուրս բնակվող հայության թիվը գրեթե եռապատկվեց և ավելի քան կրկնակի ընդարձակվեց հայկական գաղթավայրերի աշխարհագրությունը: Դրան հավելվեց նաև այն, որ Ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականությունը զրկվեց հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Հենց այդ իրողություններն են պատճառը, որ Հայկական Սփյուռքը համարվում է Ցեղասպանության հետևանք. դրանից հետո օտար երկրներում ապաստանած հայությունը սկսեց իրեն ընկալել հայրենազրկված մեկ ամբողջության` Սփյուռքի մաս:
Ի հետևանս ասվածի` ներկայումս հայ ժողովրդի մեծ մասը բնակվում է հայրենի երկու պետություններից դուրս: Ուստի` հայագիտության համար մեծ կարևորություն է ներկայացնում Սփյուռքի ոուսումնասիրությունը, որով ամբողջանում է հայ ժողովրդի պատմության միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների պատմության հետազոտությունը:
Մյուս կողմից, բաժնի աշխատանքներն առնչվում են Սփյուռքագիտության տեսական հատվածի հետ` նպատակ հետապնդելով հստակեցնել սփյուռքագիտական հետազոտությունների մեթոդաբանական, դրույթային և հասկացութենական դաշտերը:
Սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի նպատակներն են.
1. հստակեցնել Սփյուռքագիտական հետազոտությունների հիմնական մեթոդները, սկզբունքները, դրույթներն ու գործածվող հասկացությունները,
2. իրականացնել պատմածագումնաբանական և պատմատիպաբանական համեմատական ուսումնասիրություններ` հայկական Սփյուռքը համադրելով այլ սփյուռքների հետ (հրեաների, հույների և այլն),
3. ուսումնասիրել գաղթաշխարհի և Սփյուռքի պատմության հիմնական շրջափուլերն ու զարգացումները,
4. ուսումնասիրել առանձին գաղթավայրերի պատմությունը մինչև Հայոց Ցեղասպանությունը,
5. հետազոտել արտերկրի հայկական ժառանգության ձևավորման պատմությունն ու այդ ժառանգության ներկա վիճակը,
6. քննարկել Հայոց Ցեղասպանությունից հետո Սփյուռքի ձևավորման խնդիրները,
7. ուսումնասիրել արդի հայկական համայնքները,
8. քննության առնել սփյուռքյան կազմակերպությունների ներկա վիճակը,
9. ուսումնասիրել արդի փուլի սփյուռքյան հիմնական զարգացումները,
10. ուսումնասիրել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները, դրանց զարգացումները և համագործակցության հիմնական ոլորտները:
Բաժնի կողմից իրականացվող հետազոտությունները նախապատրաստվում են հրատարակության` դրանք ընթերցող հանրությանը հասու դարձնելու համար:
Բաժնի վարիչն է պ.գ.դ., դոցենտ Արման Եղիազարյանը: