Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հնագիտական հետազոտությունների լաբորատորիան կատարում է ծրագիր «Հնագիտական հետազոտություններ Հայաստանում, Քարի դարից- Միջնադար (Մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործման գործընթացի հետազոտումը)» թեմայի սահմաններում: Նեղ իմաստով առաջարկվող ծրագիրը ընդգրկում է Հայաստանի հանրապետության, լայն իմաստով` Հայկական լեռնաշխարհի տարածքը: Ըստ այդմ, ներկայացվելու են նախ և առաջ այս տարածաշրջանի աշխարհագրական և բնակլիմայական պայմանները, պատմամշակութային ենթագոտիները: Ժամանակագրական տեսանկյունից առանձնացվելու են քարի դարի, պղնձի, բրոնզի դարերի, վաղ երկաթի և Ուրարտուի, վաղ հայկական-անտիկ, միջնադարի շրջափուլերը, որոնք ուսումնասիրվելու են առանձին աշխատանքային խմբերի կողմից: Յուրաքանչյուր խումբ կենտրոնանալու է կոնկրետ հուշարձանի/հուշարձանախմբի նյութի վրա: Կատարվելու են տվյալ հուշարձանին վերաբերող միջդիսցիպլինար ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքները դիտարկվելու են միասին, նույն համատեքստում` համընդհանուր տիպի եզրակացությունների համար: Նախագծի կատարման հետևանքով ստացված արդյունքները իրենցից կներկայացնեն ինչպես կոնկրետ գիտական, այնպես էլ դիդակտիկ արժեք: Նախատեսվող արդյունքները կարող են լինել` հնագիտական պեղումների կազմակերպում Հայաստանում, հայտնաբերված նոր հնագիտական հուշարձանների ուսումնասիրություններ, նյութի վերականգնում և կոնսերվացում, ֆիզիկա-քիմիական դիագնոստիկա, մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործման գործընթացներին առնչվող տվյալների բազայի ստեղծում և բազմաբնույթ քարտեզների կազմում, օրինաչափությունների բացահայտում և վերլուծություն, հնագիտական հուշարձանների պարբերացմանը և ժամանակագրությանը առնչվող հարցերի ճշգրտում, մշակված նյութի հրատարակում` տեղական և արտասահմանյան պարբերականներում, համալսարանի թանգարանային ֆոնդի համալրում, ձեռք բերված տվյալների օգտագործում դիդակտիկ նպատակներով` հնագիտության դասավանդման մեթոդների կատարելագործման համար:
Լաբորատորիայի վարիչն է պ.գ.դ. Հայկ Ավետիսյանը: