Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ Բաբկեն Հարությունի Հարությունյանը ծնվել է 1941 թ Երեւանում` Մեծ եղեռնի ժամանակ սպանդից հրաշքով մազապուրծ վանեցիների ավանդապահ եւ ուսումնասեր ընտանիքում: 1958 թվին Երեւանի Հր. Աճառյանի անվան թիվ 72 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո նույն տարում նա ընդունվել է Երեւանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը, որն ավարտել է ժամկետից շուտ` 1962 թվականին, գերազանցության դիպլոմով: 1963-1966 թթ. ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում: 1968 թվին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Վայոց ձորը հնագույն ժամանակներից մինչեւ 1045 թվականը» խորագրով: Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ` 1972-1977 թթ սովորել եւ գերազանցությամբ ավարտել է նաեւ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի (արեւմտյան եւ հարավային աշխարհներ)» դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1993 թվին:
2005 թվին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2006 թվին ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ: 1969թ-ից դասավանդում էր Երեւանի պետական համալսարանում, 1993-1994 թթ. դասախոսել է նաեւ Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, իսկ 1995-1996 թթ` ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում:
1970-1971 թթ նա եղել է ԵՊՀ արտասահմանյան ուսանողների հետ աշխատանքների գծով դեկան, 1983-1985 թթ` նույն բուհի կուսկոմիտեի քարտուղարի տեղակալ, 1985-1988 թթ` «Երեւանի համալսարան» հրատարակչության տնօրեն, 1993-2004 թթ` ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, համատեղությամբ` 1997-2000 թթ` ԵՊՀ Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ: 2003 թվին ընտրվել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, ուր պաշտոնավարում էր մինչ օրս, իսկ 2007-2008 թթ համատեղությամբ վարել է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը: Տարիներ շարունակ նա ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող խորհրդի փոխնախագահն էր:
Բ. Հարությունյանն արժանացել է Երեւանի պետական համալսարանի ոսկե մեդալի, նոբելյան մրցանակակիր «Ալբերտ Շվայցերի» մեդալի, «Եկատերինա Մեծ» եւ «Ոսկե արծիվ ոսկի թագով» գերմանական շքանշանների: 2006թ.-ին նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2009-ին` ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում: Գիտնականն արժանացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ու Ֆուլբրայթի հիմնադրամի թոշակներին, ինչպես նաեւ ընտրվել Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի, Europäische Akademie der Wissenschaften und Künste ակադեմիայի եւ «Արարատ» միջազգային ակադեմիայի անդամ:
71 տարեկան հասակում 2013թ. փետրվարի 26-ին Բաբկեն Հարությունյանը մահացավ՝ թողնելով մեծ հետք Հայոց պատմագիտության և հատկապես պատմական աշխարհագրության ու քարտեզագրության ասպարեզում: