Ջրվշտիկ վանք, Ս. Եղիշե առաքյալ վանք, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից հյուսիս-արևմուտք, Մռավի անտառածածկ լեռնաբազուկներից մեկի հարավային լանջին: Հիմնվել է ս. Եղիշե վկայի գերեզմանի վրա: Եղել է Հայոց Արևելից Կողմանց հնագույն սրբավայր: Նախապես հայտնի է եղել Ներսմիհրի ուխտ անունով, քրիստոնեության ընդունումից հետո կոչվել է Ջրվշտիկ՝ վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով, ապա՝ Ս. Եղիշե առաքյալ վանք: Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, V դ. Արցախի Վաչագան Բարեպաշտ թագավորը ս. Եղիշեի նահատակության տեղում հուշասյուն է կանգնեցրել, գերեզմանի վրա մատուռ-դամբարան կառուցել և ինքն էլ վախճանվելուց հետո թաղվել դրա մոտ: Վաղ միջնադարում Ջրվշտիկ վանքը սերտորեն կապված է եղել Արցախի կրոնական և քաղաքական կենտրոնների մոտակայքում գտնվող Գլխո վանքի, արքայանիստ Գյուտականի, Կաղանկատույքի, Բերդակուրի հետ՝ լինելով պատմական Արցախի նվիրական սրբավայր-ուխտատեղին: