«Սասնա Ծռեր», «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդական հերոսավեպ: Վիպասացները և բանասացները կոչել են նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» ևն: «Սասնա ծռերի» հերոսներից Սանասարի և եղբոր մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (Դ Թագ. 19.35–37), հետագայում՝ Մովսես Խորենացու (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունու երկերում: Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում կատարված դեպքերի մասին որոշ հիշատակություններ պահպանվել են XVI դ. պորտուգալացի ճանապարհորդների (Ա. Տենրեյրո, Մ. Աֆոնսո) ուղեգրական նոթերում: Ուշ հայկական աղբյուրների (Ղ. Ինճիճյան, Ն. Սարգսյան) թռուցիկ հիշատակությունները վերաբերում են XIX դ. հանդիպող վեպի հերոսների անունները կրող տեղավայրերին: