Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> Կառուցվածք >> Հայ-քրդական առնչությունների բաժին

Հայ-քրդական առնչությունները հայագիտական հետազոտությունների կարևորագույն ուղղությունների շարքում են: Հիշյալ իրողությամբ է պայմանավորված ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում Հայ-քրդական առնչությունների բաժնի ստեղծումը: Հայ-քրդական հարաբերությունների համատեքստում կարևորագույն մի շարք ուղղություններ մինչ օրս լիովին անտեսված են եղել:  Թեև հայ-քրդական առնչություններ ընդգրկում են պատմական, քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական, կրոնական, մշակութային, ժողովրդագրական ու սոցիոլոգիական լայն շրջանակներ, հայ պատմագրության մեջ գերազանցապես դիտարկվել է հայ-քրդական հարաբերությունների պատմությունը: Բացի այդ, հայ պատմագրությունն ու հասարակությունը դեռ լիովին ձերբազատված չեն քրդերի ու քրդական խնդրի վերաբերյալ  նախկինում ունեցած ավանդական  որոշ կարծրատիպերից: Խնդիրը խորությամբ ուսումնասիրված չէ տարածաշրջանային գործընթացների և անվտանգության համատեքստում, հետևաբար կարիք ունի բազմակողմանի մոտեցումների` հաշվի առնելով զույգ հայկական պետությունների (ՀՀ և ԼՂՀ) առկայությունը, Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության կայացումը, քրդական զարգացումները տարածաշրջանում և Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային առավարություն (ԻՔՏԿ) - Հարավային Կովկասի պետություններ հարաբերությունների զարգացման մոդելների մշակման հեռանկարը:

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-քրդական առնչությունների բաժնի նպատակներն են. 
Ներկայացնել հայ-քրդական  առնչություններն ու  հարաբերությունները` պատմական, քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական, կրոնական, մշակութային, ժողովրդագրական ու սոցիոլոգիական լայն շրջանակների համատեքստում:
Համեմատական հետազոտման համատեքստում վերլուծել հայկական հարցի և քրդական խնդրի միջազգայնացման պատճառներն ու փուլերը:
Դիտարկել «Հայկական հարց»-«քրդական գործոն» և «քրդական հարց» - «հայկական գործոն» իրողությունները, հետազոտելով նաև հայ և քուրդ ժողովուրդների ազատագրական պայքարի հիմնախնդիրները:
Ուսումնասիրել հայ-քրդական հարաբերություններին ու շփումներին առնչվող բազմալեզու աղբյուրներն ու մասնագիտական գրականությունը:
Ներկայացնել Հայաստանի իշխանությունների դերն ու հայ մտավորականության ավանդը քրդական մշակույթի ու պատմության ուսումնասիրության գործում: 
Դիտարկել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (ԻՔՏԿ) ձեռքբերումներն ու ձախողումները` տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ԻՔՏԿ-ի և տարածաշրջանային տերությունների (այդ թվում Հարավային Կովկասի հանրապետությունների) միջև առկա փոխհարաբերությունները և ընդհանրապես տարածաշրջանում քրդական գործոնի ակտիվացման պատճառները: 
Տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո հանգամանալից վերլուծել և ամբողջական կառույցի տեսքով ներկայացնել հայ-քրդական հարաբերությունների նշանակությունը և դրանցում առկա խնդիրները:
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայ-քրդական առնչությունների բաժինը մտադիր է հրատարակել վերոհիշյալ դաշտը ներառող հետազոտական մի շարք աշխատություններ: Ընդ որում, քննական վերլուծության արդյունքում կներկայացվեն ոչ միայն նոր մոտեցումներ, այլև թարգմանաբար կներկայացվեն ու կտեղայնացվեն խնդրին առնչվող անվանի քրդագետների այն եզրահանգումներն ու տեսակետները, որոնք հիմնականում անտեսված են հայալեզու աղբյուրներում:  Ավելին, կներկայացվեն քրդագիտությանն առնչվող հայալեզու արժեքավոր աղբյուրներն ու մասնագիտական գրականությունը:
Բաժնի աշխատակիցների լեզվական բազան բազմազան է և փոխլրացնող, ստեղծված հետազոտական խմբում ընդգրկվել են հայերեն, քրդերեն, պարսկերեն, ռուսերեն, թուրքերեն, անգլերեն, և մի շարք այլ լեզուների տիրապետող մասնագետներ: 
Բաժնի հետազոտություններն ու հրապարակումները կունենան ոչ միայն տեսական, այլև կիրառական մեծ նշանակություն: 

 
Բաժնի վարիչն է պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը