Ձախից աջ՝իրանագետ Ռուդիկ Յարալյան, թուրքագետ-քրդագետ Վահրամ Պետրոսյան, արաբագետ Սարգիս Գրիգորյան

 

 ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, թուրքագետ-քրդագետ պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը և նույն բաժնի աշխատակիցներ պ.գ.թ., իրանագետ Ռուդիկ Յարալյանը, արաբագետ Սարգիս Գրիգորյանը հունիսի 4-ին «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողներին ներկայացրեցին  քրդական գործոնի և հայ-քրդական հարաբերությունների ներկայիս  վիճակը տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ: Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց իրաքյան Քուրդիստանի քրդական ինքնավարության  խնդիրներին, վերջիններիս հետ Հարավային Կովկասի երկրների շփումներին, սիրիական զարգացումներին և այս կոնտեքստում նաև հայ-քրդական առնչությունների ներկայիս փուլին:

 Վահրամ Պետրոսյանը նախ նշեց մի քանի թիրախային խնդիրներ՝ այս թեմայի շրջանակներում: Առաջիններից մեկը հայ-քրդական հարաբերությունների զարգացման, նաև համագործակցության ներկայիս վիճակն է: Բանախոսը շեշտեց, որ հայ-քրդական հարաբերություններում չպետք է նույնականացնել մարտահրավերներն ու սպառնալիքները: Նրա խոսքով կան որոշակի մարտահրավերներ, որոնք կարող են անուշադրության դեպքում վերաճել սպառնալիքների, սակայն ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է դիմագրավել և նույնիսկ վերածել այդ ամենը համագործակցության: Մամուլի ասուլիսին դիտարկվեցին նաև վերջին ժամանակաշրջանում հայ-քրդական շփումները սփյուռքի տարբեր երկրներում, քրդական և հայկական համայնքների համագործակցությունը տարբեր  երկրներում, ինչպես նաև քրդական կուսակցությունների գործունեությունը:

 Պետրոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մեկ կարևոր հանգամանքի վրա ևս. քրդական խնդիր ասելով՝ մեծամասամբ կենտրոնանում ենք Թուրքիայի տարածքում բնակվող և գործող քրդերին, մինչդեռ Իրաքյան Քուրդիստանում, Իրանում քրդերն  արդեն իրենց զգայուն դերն ու կշիռն ունեն:

 «Հայ-քրդական հարաբերություններն միշտ եղել են բարիդրացիական, բայց նույնը չենք կարող ասել ադրբեջանաբնակ քրդերի մասին: Վերջիններիս դեպքում հասկանալի է, որ նման մոտեցումը ադրբեջանական կողմի թշնամի հայի կերպարի և տեղեկատվական քարոզչության դրսևորման հետևանք է»-նշեց  Վահրամ Պետրոսյանը:

 Արաբագետ Սարգիս Գրիգորյանը անդրադարձավ Սիրիայում, Լիբանանում ապրող քրդերին, ովքեր իրենց ինքնակառավարման մարմիններն են ձևավորում և տվյալ տարածաշրջանում նկատելի ուժ ունեն: Ռուդիկ Յարալյանն էլ իր հերթին առանձնացրեց Մերձավոր Արևելքի քրդաբնակ տարածքների խնդրիները: Նա նշեց, որ ներկայումս քրդական գործոնը ունի նաև տարածքային առանձնահատկություններ, տարբեր քաղաքական նպատակներ և դրսևորումներ: Յարալյանը հատկապես կարևորեց Իրանի քրդերի խնդիրը, քանի որ Իրանի տարածքային ամբողջականությունը բխում է նաև Հայստանի շահերից, և ցանկացած փոփոխություն կարող է տարածաշրջանային լուրջ խնդիրներ առաջացնել:

 Ամփոփելով իրենց խոսքը՝ բանախոսները կարևորեցին հետևյալ հանգամանքը. անհրաժեշտ է համախմբված քայլեր ձեռնարկել հայ-քրդական հարաբերությունների հետագա զարգացումների և համագործակցության հարցում:

 Ասուլիսի վերջում նշվեց, որ այսօր արդեն հստակ քայլեր են տարվում Իրաքյան Քուրդիստանում ՀՀ հյուպատոսության բացման ուղղությամբ:

 

 

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան