ԵՊՀ Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ փետրվարի 24-ին` Զորավար Անդրանիկի ծննդյան 150-րդ տարելիցի նախօրեին, տեղի ունեցավ «Հայոց Զորավարի հավերժական կյանքն ու գործունեությունը» թեմայով գիտական նստաշրջան:
Գիտաժողովին ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, համալսարանի տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ: Զորավարի կյանքի և պայքարի դասերին իր զեկուցմամաբ անդրադարձավ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը: Նա անդրադարձավ Անդրանիկ Օզանյանի ծավալած ազատագրական պայքարին: «Զորավարը ազատագրական պայքարի մեջ մտավ ժողովրդի կյանքի և հավատի պահպանման համար: Նա սրտացավ հայր էր, զինվոր և վրիժառու: Նրա պայքարը բնաջնջման վտանգի դեմ էր: Անդրանիկը երկու հզոր կիրք ուներ՝ սեր դեպի ժողովուրդը և ատելություն դեպի թշնամին: Նա չծառայեց ոչ մի վարչակարգի, բացի իր մտքի, իր խղճի և իր ժողովրդի համար ծառայելուց: Անդրանիկի նպատակը մեկն է եղել՝ ստեղծել հայկական անկախ պետականություն»,-նշեց Մինասյանը: Այնուհետև ներկայացվեց Զորավարի ծավալած ազգային ազատագրական պայքարի չորս շրջափուլերը:
Հաջորդը հանդես եկավ պ.գ.թ. պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը «Զորավար Անդրանիկը հորս հուշերում» զեկուցմամբ: «Հուշագիրն իմ հայրն է՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ով 1917 թ-ի դեկտեմբերից Անդրանիկի զորաբանակում է ծառայել: Նա ծառայել է Երզնկայի գնդում, հուշերն էլ վերաբերում են մեծամասամբ այդ գնդի ճակատագրին և կրում են «Մեր գնդի ճակատագիրը» վերնագիրը»,-նշեց Պ. Հավհաննիսյանը:
Իր հերթին պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանն էլ անդրադարձավ արևմտահայոց հայդուկային պայքարում Անդրանիկի ծավալած գործունեությանը: Խոսվեց հայդուկապետի արվեստի աստիճանի հասնող վարպետության, նրա սառը դատողությունների, պայքարի և մաքառումների մասին: Գիտական նստաշրջանի վերջում քննարկում ծավալվեց ներկաների և զեկուցողների միջև :
Վերադառնալ