Ս.թ. մարտի 18-ին Մոսկվայում Ռուսաստանի և Նոր Նախիջանի թեմի գիտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց լեզվի դասավանդումը և հայագիտության ուսումնասիրությունը ՌԴ բուհերում» խորագրով գիտագործնական գիտաժողով (ծրագրի հեղինակ՝ Բուրաստան Զուլումյան): Միջոցառմանը ներկա էին թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ՀՀ դեսպանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ և ուսանողներ Մոսկվայի համալսարաններից: Համաժողովը բացեց Եզրաս Ներսիսյանը, ով օրհնեց ներկաներին և մաղթեց բեղմնավոր, արդյունավետ աշխատանք: Իր խոսքում եպիսկոպոսը, կարևորելով մայրենի լեզվի իմացության դերը ինքնության պահպանման գործում, ընդգծեց, որ հայերը հնուց ի վեր գիտակցել են մայրենի լեզվի և գրականության պահպանման կարևորությունը՝ նույնիսկ չմոռանալով հալածանքների և աքսորի ժամանակ: Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը իր ելույթում կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը՝ հավաստելով, որ քննարկվող ծրագրերը անշուշտ կնպաստեն հայագիտության զարգացմանը: Համաժողովի միջոցով հնարավոր եղավ համախմբել հայոց լեզուն ուսումնասիրող գիտնական-տեսաբաններին` լեզվաբաններ, գրականագետներ, ուսուցիչներին և ուսանողներին, ովքեր, պատմում էին հայոց լեզվի դասավանդման իրենց մեթոդների մասին, կիսվում սեփական փորձով: Մասնակիցները իրենց խոսքում նշեցին հայոց լեզվի դասավանդման, տիպաբանական ուսումնասիրության ասպեկտների, ինտերնետային նախագծերի կարևորության մասին: Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները ևս ելույթ ունեցան՝ ռուսերենով և հայերենով: Ուրախալի էր Հայ առաքելական եկեղեցու պատմություն, հայ դիցաբանական անունների ստուգաբանություն, հայ հոգևոր պոեզիա և նույնիսկ հայ լուռ ֆիլմեր թեմաների առկայությունը: Հանդիպման նախագահ Բուրաստան Զուլումյանը համառոտ անդրադարձ կատարեց ավագ դպրոցներում հայ գրականության դասավանդման տեսական ասպեկտներին՝ նշելով, որ անհրաժեշտ է ներկայացնել ոչ միայն ազգային գրականության գլուխգործոցները, այլև լայն մշակութային համատեքստում ցույց տալ գրական գործընթացի էվոլյուցիան: Ամփոփելով հանդիպումը՝ նա հավաստեց, որ համաժողովը շարունակելու է հայագիտական միջոցառումների կազմակերպումը՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի աջակցությամբ (2014 թ. նոյեմբերին տեղի է ունեցել կոնֆերանս՝ «Հայագիտությունը Ռուսաստանում»): Նա հույս հայտնեց, որ նման միջոցառումները կշարունակվեն նաև Նիժնի Նովգորոդի, Սանկտ Պետերբուրգի և Դոնի Ռոստովի համալսարանների մասնակցությամբ: Հանդիպումն ավարտվեց համերգային ծրագրով, որին մասնակցում էին «Հայորդաց տան» խմբերը՝ «Վարդավառ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մարգարիտա Գրիգորյան) և ժողովրդական երգերի անսամբլիան (ղեկավար` Արմինե Մարտիրոսյան): Համերգն ավարտվեց Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում հայոց լեզու և մշակույթ ուսումնասիրող ուսանողի՝ Ալեքսանդր Լիստենգորտայի կատարմամբ, ով կարդաց իր իսկ գրած բանաստեղծությունը հայոց լեզվով: |