Ս.թ. ապրիլի 21-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտխորհրդի հանդիսավոր նիստը: Այն սկսվեց ԵՊՀ ռեկտոր, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ Ա. Սիմոնյանի զեկույցով՝ «Ցեղասպանությունից վերածնունդ» վերտառությամբ:
Ներկայացվեց ծավալուն պատմական ակնարկ՝ ծրագրավորված Հայոց ցեղասպանության իրականացման փուլերից, Թուրքիայի վարած նախկին և ներկա քաղաքականությունից, պանթուրքիզմի գաղափարի ընդունումից մինչև ազգային ու ազգովի մտածողության ձևավորում, փրկված ու դեռևս պահպանված հայկական բեկորների համախմբում և վերածնունդ:
Ռեկտորի ելույթից հետո միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով, որին հատուկ հրավիրվել էր «Նորայր Քարտաշյան և Վան նախագիծ» երիտասարդ երաժիշտների խումբը, ովքեր վարպետանում են հայկական ավանդական նվագարանների, երգ ու երաժշտության ուսումնասիրության և կատարման մեջ: Նորայր Քարտաշյանի ղեկավարությամբ խմբի կատարումները հնչեցին որպես հաղորդագրություն, հույսի ու լույսի կոչեր, վերածնունդ անցյալի վերք ու ցավից:
«Նորայր Քարտաշյան և Վան նախագիծ» խմբի ելույթից հետո բեմ բարձրացան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները: Նրանք իրենց ելույթը սկսեցին «Սուրբերու աչքեր» հատուկ բեմադրված պարով, այնուհետև անհատ կատարողներն ու ասմունքողներն ամբողջացրին միջոցառումը: Միջոցառման մշակութային հատվածն ամփոփեց ԵՊՀ ՈՒԽ մշակույթի պարային խումբը՝ ազգագրական պարով:
Ելույթներից յուրաքանչյուրը հավաստումն էր այն բանի, որ հայությունը ցեղասպանությունից վերածնունդ է մուտք գործել շնորհիվ հայի բնատուր տաղանդի, աշխատասիրության ու անջնջելի հայրենասիրության: «Մենք ստիպված ենք լինելու այդպիսին: Համալսարանականը պետք է իր կյանքով ու գործով լինի այդպիսին ու այդպես պայքարի ցեղասպանության հետևանքների դեմ»,-պահանջեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Երևանի պետական համալսարանը հիշում է, դատապարտում, տեր է կանգնում իր հայրենիքին…
Վերադառնալ