Երևանի պետական համալսարանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. ապրիլի 22-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ գերմանացի անվանի հայագետ, Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆիլդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը: Ներկա էին համալսարանի տարբեր ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողներ և այլք: Շնորհանդեսը յուրահատուկ էր նրանով, որ ներկա էին գրքի հեղինակը` Ռ. Հոսֆիլդը և գրքի հայերեն թարգմանիչ, ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի աշխատակից Էվելինա Մակարյանը: ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը նախ ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց հեղինակին շնորհանդեսի առաջարկը ընդունելու և առհասարակ ՀՀԻ հետ համագործակցաբար աշխատելու համար: Մ. Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ հրատարակչության և ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի աշխատակիցների ջանքերով մինչև տարեվերջ արդեն պատրաստ կլինի գրքի հայերեն տարբերակը: Այնուհետև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, ՀՀԻ Ցեղասպանագիտության բաժնի առաջատար գիտ. աշխատող Աշոտ Հայրունին անդրադարձավ Ռոլֆ Հոսֆիլդի գիտական գործունեությանը: Աշոտ Հայրունու խոսքով «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գիրքը Հոսֆիլդի 10 տարի առաջ հրատարակած «Նեմեսիսի օպերացիան» աշխատությունից հետո երկրորդ ծավալուն աշխատությունն է նվիրված Հայոց ցեղասպանության թեմային: «Ռոլֆ Հոսֆիլդը, 2011 թ.-ից լինելով Յոհաննես Լեփսիուսի տան տնօրեն, իր մեծ ներդրումն է ունեցել Հայոց ցեղասպանության և առհասարակ հայագիտության զարգացման ոլորտում: Լեփսիուսի տունը կարևոր կառույց է հայ-գերմանական գիտամշակութային փոխհարաբերությունների կազմակերպման, հայկական խոսքն ու միտքը գերմանական և եվրոպական երկրներին ներկայացնելու առումով»,- նշեց Աշոտ Հայրունին: Ռոլֆ Հոսֆիլդն էլ իր հերթին հրավերի ու ջերմ ընդունելության համար երախտագիտության խոսք հայտնեց ներկաներին և ԵՊՀ ներկայացուցիչներին. «Ինձ համար առանձնահատուկ ուրախություն է, որ ԵՊՀ հրատարակչությունը այսքան արագ պատրաստակամություն հայտնեց գիրքը հայերեն թարգմանելու և հրատարակելու համար: Ես ուրախ կլինեմ, որ գիրքը աշնանը ներկայացված լինի Ֆրանկֆուրտի գրքերի միջազգային տոնավաճառին»: Աշխատությունը բաղկացած է 10 գլուխներից, որտեղ հանգամանալից ներկայացվում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, ծրագրումը, թուրքական կառավարող ռեժիմի կողմից այն իրագործելու հետևողականությունը: Գրքում ներկայացվում է մի ամբողջ ժողովրդի բնաջնջման սիստեմատիկ պատկերը: Պարզաբանվում է համիդյան և երիտթուրքական ռեժիմների հաջորդափոխման հանգամանքները: Հինգ գլուխներում լուսաբանվում է Թեշքիլաթը Մահսուսե կազմակերպության ստեղծումը, հայ մտավորականության ձերբակալումն ու ոչնչացումը, ինչպես նաև հայ ժողովրդի տեղահանությունն ու բնաջնջումը: Այնուհետև ներկայացվում է 1919-20 թթ. ցեղասպանության պատասխանատուների դեմ իրագործված դատավարությունները՝ աշխատությունն ավարտելով Սողոմոն Թեհլերյանի դատավարության ներկայացմամբ: Ռոլֆ Հոսֆիլդի խոսքով «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը լույս տեսավ այս տարվա փետրվար ամսին, չափազանց մեծ արձագանք ունեցավ գերմանական լրատվամիջոցների և մամուլի կողմից. այս տարի գերմանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն աննախադեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել և ցուցաբերում Հայոց ցեղասպանության և հայկական հարցի հանդեպ: Հոսֆիլդը նաև խոսեց Գերմանիայի Բունդեսթագի կողմից նախատեսվող ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևի ընդունման կարևորության և խիստ անհրաժեշտության մասին: «Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը կարևոր նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը էապես ակտիվացնելու հարցում: Գերմանիան, լինելով Եվրոպայի հզոր պետություններից մեկը և Օսմանյան Թուրքիայի նախկին դաշնակիցը, կարող է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում լինել հզոր շարժիչ ուժ մյուս գերտերությունների համար»,- փաստեց Ռ. Հոսֆիլդը: Այնուհետև Մհեր Հովհաննիսյանի կողմից առաջարկ արվեց, Ռ. Հոսֆիլդի համաձայնությամբ, դասախոսություններ կազմակերպել ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրերի, ինչպես նաև պատմության, միջազգային հարաբերությունների և այլ ֆակուլտետների ուսանողների համար: Շնորհանդեսի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում բանախոսների և հյուրերի միջև:
Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան |