Եվրասիական տարածաշրջանի առաջատար բուհերի մի շարք ներկայացուցիչներ՝  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, սույն թվականի հոկտեմբերի 24-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում այցելեցին Երևանի պետական համալսարան: Հյուրերի թվում էին ՌԴ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Եվգենի Կոժոկինը, ՌԴ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Օլեգ Իվանովը, Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Նուրլան Այտմուրզաևը, Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Վիկտոր Շադուրսկին, Լ.Ն. Գումիլևի անվան եվրասիական ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացուցիչ Ժանար Մեդեուբաևվան ու Ղազախստանի միջազգային հարաբերությունների և համաշխարհային լեզուների համալսարանի դասախոս Գաբիտ Ժումատայը: ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը հյուրերին   ներկայացրին ԵՊՀպատմությունը, կառուցվածքը, ուսումնագիտական գործընթացները, արտասահմանյան բուհերի հետ միջազգային համագործակցությունը և հետագա հեռանկարները:

Հանդիպման ընթացքում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովը նշեց, որ հատուկ ուշադրություն պետք է հատկապես դարձնել միջազգային հարաբերությունների ոլորտի երիտասարդ մասնագետների և նոր կադրերի պատրատման համատեղ գործունեությանը: Նրա խոսքով՝ ԵՏՄ երկրների բուհերի միջև առկա համագործակցությունը պետք է շարունակական բնույթ կրի՝ ներառելով տարբեր գիտական ծրագրեր և բնագավառներ:

 Տորկունովը Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակի առիթով ԵՊՀ ղեկավարությանը հանձնեց հուշամեդալ և մոսկովյան արևելագիտության վերաբերյալ գիրք, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովի շրջանակներում, և ԵՊՀ ղեկավարությանը փոխանցեց նաև ԵՏՄ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի հռչակագիրը՝ նշելով, որ փաստաթղթին ծանոթանալուց և կառույցի ստեղծման ու հիմնադրման վերաբերյալ քննարկումներից հետո այն կստորագրվի: Իր հերթին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի անունից ԵՊՀ հուշամեդալ հանձնեց МГИМО-ի ռեկտորին: Այնուհետև հյուրերը  այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան:

Հյուրերը նաև ծանոթացան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գործունեությանը, առաջիկա գիտական և հետազոտական աշխատանքներին: Քննարկվեց մի շարք խնդիրներ կապված հայ-ուսական հետագա համագործակցության վերաբերյալ:

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան