Ս.թ. մայիսի 4-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ ժամանեց Եգիպտոսի Կահիրեի պետական համալսարանի հայագիտական կենտրոնի տնօրեն դոկտոր Սալահ Աբդուլ Ազիզ Մահկուբ Իտրիսն ու նրա օգնականը: ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը նրանց ներկայացրեց ինստիտուտի գործունեությունը: Մահկուբը փոխգործակցության ցանկություն հայտնեց ինստիտուտի հետ՝ քննարկելով համագործակցության հնարավոր ծիրերն ըստ երկու համալսարանների միջև կնքված պայմագրի հիմունքների: Եգիպտոսի հայագիտական կենտրոնի տնօրենը ներկայացրեց գործունեության ծրագրերը հայագիտական ոլորտում՝ հայ դասական գրականության թարգմանություն արաբերենի, ինչը կնպաստի արաբական միջավայրում հայոց մշակույթի ճանաչողության սահմանների ընդլայնմանը: Մ. Հովհաննիսյանն առաջարկեց, որ առավել գործնական հիմքերի վրա դրվի միջգրական համագործակցությունը, ինչպես օրինակ, հրատարակվեն երկլեզու աշխատություններ, որոնք կներառեն արաբական և հայկական պատմության, գրականության և մշակույթի նույն ժամանակաշրջանում ապրած երևելիների գործերը: ՀՀԻ փոխտնօրենը անդրադարձավ նաև կրթական ծրագրերի դաշտին՝ ինստիտուտում Եգիպտոսի հայագիտական կենտրոնի մասնագետներ պատրաստելու հնարավոր փոխգործակցությանն ու Եգիպտոսի հայ համայնքի հետ ավելի մտերիմ կապեր հաստատելուն: |