Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 4-ից ԵՊՀ մեծ դահլիճում մեկնարկեց հինգերորդ «Սփյուռք» ամառային դպրոցը: Այս տարի դպրոցի շրջանակներում կգործեն հինգ թեմատիկ ուղղություններ՝ «Լրագրողների վերապատրաստում», «Հայոց լեզվի արագացված ուսուցում», «Հայոց լեզվի և պատմության, կրթական վերապատրաստում», «Երիտաասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ», «Ազգային երգի և պարի վարպետություն»: Նշենք, որ այս տարի դպրոցին մասնակցում են 25 երկրներից շուրջ 140 մասնակիցներ: Մասնակիցները բացի տեսական և գործնական դասերից կունենան նաև մի շարք մշակութային միջոցառումներ, այցելություններ ՀՀ տարբեր տեսարժան վայրեր, թանգարաններ: Նախատեսված է հանդիպումների շարք ՀՀ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ: Հուլիսի 6-ին կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, դասընթացի կազմակերպիչներ, դասախոսներ և այլք: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Ողջունելով ներկաներին, ծրագրի մասնակիցներին, կազմակերպիչներին, դասախոսական կազմին՝ նախարարը նախ շնորհավորեց «Սփյուռք» ամառային դպրոցի 5-րդ հոբելյանական տարին՝ նշելով. «Անչափ հպարտ եմ և ուրախ, որ հատկապես Հայաստանի և Արցախի անկախության 25-րդ հոբելյանական տարում մենք նորից պատիվ ունենք հյուրընկալելու մեր հայրենակիցներին: Շնորհակալ եմ Սփյուռքի տարբեր համայնքներից եկած մեր մասնակիցներին, ովքեր, կարևորելով կրթությունը, նոր գիտելիք ստանալու համար եկել են Հայաստան, եկել են նոր գիտելիքով վերազինվելու՝ մատաղ սերնդին փոխանցելու համար: Դուք մեր 5-ամյա դպրոցի կենսագրության մի մասն եք կազմում: Դուք ձեր ներկայությամբ հարստացնում և հյուսում եք նրա կենսագրությունը: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում երկար տարիների մեծ ու բեղուն աշխատանքային ճանաչողական տարիներ: Ուզում եմ, որ բոլորս աշխատենք և սովորենք մեծ նվիրումով»,- նշեց Հ. Հակոբյանը: Նախարարը նաև իր երախտիքի խոսքը հղեց համայն Սփյուռքին, որը ապրիլյան ծանր օրերին համախմբվեց, կիսեց բոլորի ապրումները, ցավը և իր ուժերի ներածին չափով թիկունք կանգնեց Արցախին, հայոց բանակին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա իր երախտիքի խոսքը հայտնեց և՛ նախարարությանը, և՛ ԵՊՀ-ին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Սփյուռքի հայության մոտ հայապահպանության, մայրենի լեզվի անաղարտ պահելու գործում աջակցելու համար: Շնորհակալություն հայտնեց մասնակիցներից, ովքեր մեծ ոգևորությամբ են մասնակցում այս ծրագրին՝ փորձելով ստացված գիտելիքները տանել իրենց երկրների հայկական համայնքներ: «Ինձ համար այս նախաձեռնությունը կարևոր է նրանով, որ յուրաքանչյուր տարի ամռանը հայրենիք–Սփյուռք կապերի էլ ավելի ամրապնդման առիթ ենք ունենում. Ստեղծվում են պայմաններ տարբեր երկրների հայ երիտասարդության ակտիվ շփումների, հետագա համագործակցության համար: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ Սփյուռքը ձևավորվել և պահպանվում է 3 կարևոր հիմքերի վրա՝ դպրոց, համայնք և եկեղեցի: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մեզ ավելի մոտիկից հասկանալ յուրաքանչյուր համայնքի յուրահատկությունները, խնդիրները, մտավոր ներուժը և այս ճանապարհով փորձում ենք գնահատել նրանց գործունեությունը»,- նշեց Մկրտչյանը: Լևոն Մկրտչյանը նաև շեշտեց ևս մեկ կարևոր հանգամանք. տարեց տարի ավելի է ակտիվանում հայկական համայնքը նման ծրագրերի մասնակցելու առումով: Ըստ նրա՝ 2016 թ. վերապատրաստվելու նպատակով աշխարհի գրեթե բոլոր երկրներից մեծ թվով ուսուցիչներ են եկել Հայաստան՝ կարևորելով հատկապես պոլսահայ համայնքի ակտիվությունը: Իր հերթին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ «Սփյուռք» ամառային դպրոցը ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացնելու համար: «Երբ 5 տարի առաջ Սփյուռքի նախարարության հետ սկսեցին այս ծրագիրը, շատերը թերահավատորեն էին մոտենում այս ամենին: Բայց շնորհիվ մեր բոլորի ջանքերի այսօր այն վստահաբար կայացել է: Դուք տեսնում եք՝ տարեց տարի թե՛ կազմակերպչական, թե՛ մասնակիցների քանակի առումով դպրոցը ինչպիսի ակտիվություն և առաջադիմություն է գրանցել»: Պարոն Սիմոնյանը նաև անդրադարձավ Սփյուռքում հայ ինքնության պահպանության խնդիրներին՝ փաստելով, որ ամառային դպրոցի հետապնդում է հայ ինքնությունը ուժեղացնելու նպատակ: Միջոցառման պաշտոնական արարողությանը հաջորդեց համերգ, որը կազմակերպել էր ԵՊՀ Մշակույթի կենտրոնը: Ելույթ ունեցան կենտրոնի սաները, ինչպես նաև Կարին ավանդական երգի-պարի ակումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, և այլք: |