Օգոստոսի 25-ին Երևանի պետական համալսարանի Պալյանների անվան դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի՝ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի համատեղ գործակցությամբ կազմակերպած «Հայկական աշխարհը համացանցում» խորագիրը կրող գիտագործնական միջազգային գիտաժողովը: Միջազգային գիտաժողովը բաղկացած է երեք թեմատիկ ուղղություններից. 1.««Հայկական աշխարհը» համացանցի գիտակրթական հարթակում»: 2.«Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները համացանցում»: 3.«Սփյուռքը համացանցային հարթակում»: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Բացման խոսքում Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր մասնակցներին, ովքեր պատրաստակամություն հայտնեցին մասնակցել գիտաժողովին, բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրների, առաջընթացների, առավելությունների և թերությունների մասին: Նախարարը շեշտեց հատկապես համացանցի կարևորությունը, վերջին տարիներին Հայաստանում արագ տեմպերով զարգացումը, որը Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապող օղակ դարձավ՝ օր-օրի ամրապնդելով կապը և բացելով համատեղ հայանպաստ աշխատանքներ իրակացնելու նոր ուղիներ: «Ես ամեն առիթով իմ շնորհակալությունն եմ հայտնում համացանց ստեղծողին, ով այսքան հեշտացրեց ողջ ժողովրդի աշխատանքը: Այսօր մենք մեկ րոպեի ընթացքում, մեկ շարժումով ամբողջ աշխարհասփյուռ հայությանը կարողանում ենք փոխանցել, տեղեկացնել անհրաժեշտ տեղեկատվությունը և նրանցից տեղեկություններ ստանալ, կարողանում ենք պայքարել տարիներ շարունակ ամբողջ աշխարհին մատուցած պատմության կեղծարարություններին, չեզոքացնել համացանի բացասական երևույթները: Հույս ունեմ, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա մասնակիցների միջև ձեռնարկելու տարբեր տեսակի գործնական քայլեր՝ ի նպաստ մեր հայրենիքի»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, իր հերթին, բարձր գնահատեց համագործակցությունը՝ կարևորելով արծարծվելիք խնդիրների շուրջ համատեղ խոսելը, քննարկելը և լուծման արդյունավետ ուղիները գտնելը: «Ուզում եմ փաստել մի հանգամանք, որ ԵՊՀ-ն հատկապես վերջին տարիներին զգալի աշխատանքներ է տարել այս ուղղությամբ՝ համագործակցելով տարբեր պետական կառույցների, ինստիտուտների հետ: Մեր նպատակը մեր էթնոսի պահպանության խնդիրն է, որը մեր հարևան երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, փորձում են պետական քաղաքականության միջոցով աղավաղել, ոչնչացնել մեր պատմական արժեքները: Մենք պետք է մտածենք ոչ միայն մեր այսօրվա խնդիրների, այլև մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու շուրջ: Իսկ այդ խնդիրը մենք նաև պետք է լուծենք՝ համացանցային հարթակում նորանոր գիտական և գործնական քայլեր ձեռնարկելով»: Իր ելույթում Յուրի Սուվարյանն անդրադարձավ համացանցային գիտական նյութերի ներկայացվածության խնդրին: Ներկայացրեց ակադեմիայի համացանցային տիրույթը, խոսեց հայագիտական նյութերի թվայնացման մասին, ներկայացրեց «Հայագիտություն» հիմնարար հանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, ով ևս անրդրադարձավ վիրտուալ տիրույթում առկա առաջնըթացներին, մարտահրավերներին, զարգացման նոր հեռանկարներին և ներկայացրեց ոլորտում առկա մի շարք խնդիրներ: Նա հատկապես կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը՝ հատկապես երկրի անվտանգության պահպանման գործում: Բացման արարողությանը հաջորդեց «Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» գիտաժողովի թեմատիկ նիստը: Զեկուցումներով հանդես եկան ոլորտի տարբեր մասնագետներ՝ Հայաստանից և Սփյուռքից: Թեմատիկ նիստին կհաջորդեն քննարկումներ, ներկաները հանդես կգան համագործակցության տարբեր առաջարկություններով: Հավելենք, որ գիտաժողովն իր աշխատանքը կշարունակի օգոստոսի 26–ին՝ «Սփյուռքը համացանցային հարթակում» թեմատիկ նիստով: |