Սեպտեմբերի 24-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Հայաստանի և Սփյուռքի հայտնի հասարակական գործիչների մասնակցությամբ։ Ասուլիսը կրում էր «Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիները. ձեռքբերումներ և չլուծված խնդիրներ. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները. երկրի ներկան և զարգացում տանող բարեփոխումները. ապագան և անվտանգության երաշխիքները» խորագիրը։ Բանախոսներն էին ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, պատմաբան, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Բացմանը իր տեսակետներն առաջինը ներկայացրեց Ռուբեն Սաֆրաստյանը, ըստ որի՝ 25 տարին դեռևս մեծ ժամանակաշրջան չէ, բայց այն մեր ժողովրիդի համար եղել է շատ հագեցած: «Առաջինը, որ կընդգծեմ, 25 տարների ընթացքում ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացման գործոնն է դժվար աշխարհաքաղաքական պայմաններում: Կայացանք որպես մի պետություն, ով հստակ և հաստատակամորեն օգնության ձեռք մեկնեց նաև Արցախի կայացման գործին: Նշեմ, որ այս 25 տարիների ընթացքում ունեցանք նաև դժվարին ու բարդ տարիներ, եղան խնդիրներ նաև ներքին կյանքի կայուն զարգացման գործում, ինչ-որ բաներ բաց թողեցինք, որոշ բաներ հաջողվեց: Բայց ասել, թե ամեն ինչ լավ կամ վատ է եղել, սխալ կլինի: Ակնկալիքներ դեռևս շատ ունենք՝ հատկապես անկախության սերնդից»: Շահան Գանդահարյանը՝ որպես սփյուռքը ներկայացնող գործիչ, խոսեց նախ երկար ժամանակ անկախություն չունենալու մասին: Նրա խոսքով՝ 25 տարվա անկախության գործոնը հոգեբանական մեծ ազդեցություն է ունեցել և շարունակում է ունենալ նաև Սփյուռքի վրա՝ ինքնության առումով դրսում գործելու, աշխատելու տեսանկյունից: Անկախությունն ազդել է նաև պետական և քաղաքական գործունեության համատեղ ծավալելու գործում: «Սփյուռքում միշտ շեշտված է եղել ձուլման վտանգը, և անկախության ձեռք բերումը, պահպանումը այն հզոր գործոնն էր, որ ապահովեց կապը հայրենիք-Սփյուռք հետագա հզորացման գործում: Անկախությունը դարձավ հզոր պատնեշ սփյուռքահայերի համար, ինչպես նաև նպաստեց նրան, որ մենք կարողանանք մեր պետականության թիկունքը ճգնաժամային պայմաններում ավելի ամուր պահելու», - նշել է Շ. Գանդահարյանը: Էդիկ Մինասյանը, իր հերթին, խոսեց քառորդ դար ունեցած ձեռքբերումների մասին. «Այս անկախությունը մենք ձեռք բերեցինք իրապես դժվարին պայմաններում: 1990-ական թվականներից կար մեր պետականության պահպանման, գոյատևման, անկախ գործելու խնդիրը: Երկիրը գտնվում էր շրջափակման մեջ, անցել էինք ավերիչ երկրաշարժի միջով: Այս բոլոր դժվարություններից հետո 1990 թ. անկախության հռչակագիրը մեր պետականությունը ինքնուրույն կերտելու, զարգացնելու հիմք դրեց»: Մինասյանը խոսեց նաև ձեռքբերումների մասին՝ ընդգծելով, առաջին հերթին, ինքնուրույն պետական կառավարման համակարգի առկայությունը՝ իր թերություններով հանդերձ: Հաջորդ ամենամեծ նվաճումը հերոսական պայքարի շնորհիվ Արցախի ազատագրումն էր: Մինասյանը կարևորեց հատկապես 3-րդ հանրապետության կայացմանը զուգահեռ ազգային բանակի ստեղծման գործոնը: Հարութ Սասունյանն էլ որպես սփյուռքի ներկայացուցիչ ներկայացրեց իր տեսակետները, դիտարկումները: «Ես օբյեկտիվ կարող եմ ասել, որ ունեցել ենք և´ ձեռքբերումներ, և´ միաժամանակ կորուստներ: Երկու ձեռքբերում կնշեմ. առաջինն Արցախի անկախացումն է, երկրորդն այն է, որ 25 տարի է, ինչ Հայաստանը եկկողմանի շրջափակման մեջ է, և, հակառակ այս շրջափակման, հայ ժողովուրդը կարողացավ հաղթահարել, գոյատևել այս խնդիրները և տնտեսական աճ գրանցել»: Սասունյանը խոսեց արտագաղթի վտանգների մասին, որը մտահոգիչ թվաքանակի է արդեն հասել: Խոսեց նաև տնտեսական վատ պայմանների, Սփյուռքի ռեսուրսների ոչ ճիշտ և նպատակային օգտագործման մասին: Ասուլիսի վերջում լրագրողները իրենց հարցերը ուղղեցին բանախոսներին: Տեղի ունեցավ հարց ու պատասխան, ակտիվ քննարկում:
Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան |