Հոկտեմբերի 24-29 ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսված շարք ծրագրերի թվում էր նաև տեղում գործակցային նոր կապերի հաստատումը: Այդ նպատակով Հովհաննիսյանի կողմից նախապես բանակցություններ էին տարվել Մոսկվայի պետական համալսարանի Սփյուռքների պատմության լաբորատորիայի հետ, իսկ Հայաստանում ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջև ընթացել էին կառուցողական քննարկումներ: Արդյունքում կնքվեցին համաձայնագրեր ՄՊՀ Սփյուռքերի պատմության լաբորատորիայի ղեկավար Օկսանա Սոլոպովայի և Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքի գործադիր խորհրդի նախագահ Շահեն Պետրոսյանի հետ: Հատկանշական է, որ Մոսկվայում պայմանագրերի կնքումից առաջ և հետո կողմերի միջև ամբողջացվել են գործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները: Դրանց հիմքում ընկած են Մոսկվայում հայագիտական ուսումնասիրությունների որակական աճի, հայապահպանության գործընթացին միտված կրթական և գիտագործնական արդյունավետ միջոցառումների ապահովման, հայ-ռուսական հարաբերությունների հումանիտար ոլորտը ընդգրկող մասնագիտական աշխատանքներին նոր թափ հաղորդելու նպատակով համատեղ գործելու սկզբունքները: Ուրախալի է այն փաստը, որ ՄՊՀ գործընկերների հետ բանակցությունները ընթացան համալսարանական ոգուն համահունչ. առիթ ստեղծվեց ԵՊՀ ներկայացուցչի համար հանդես գալու մասնագիտական և տեղեկատվական բնույթ կրող երկու դասախոսություններով: Անդրադարձ կատարվեց Հայոց պատմության հիմնահարցերին, քննարկվեցին ԵՊՀ սփյուռքահայ ուսանողների հայագիտական մասնագիտություններով ուսումը շարունակելու, Սփյուռք ամառային դպրոցին մասնակցելու հնարավորության խնդիրները: Լիահույս ենք, որ Հայաստան-Սփյուռք գիտակրթական ասպարեզում ՀՀԻ տարվող աշխատանքներում այս գործակցությունը կամրագրվի իր ուրույն տեղով և նոր հորիզոններ կապահովի Ռուսաստանում հայագիտության մեծ ավանդույթներ ունեցող հարթակի զարգացման համար:
Նշենք, որ Մոսկվայում ՀՀԻ շարունակում է գործակցել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայկական թեմի Տապան թանգարանի (համակարգող՝ Աշոտ Ավետիսյան) և Մոսկվայի մարզային արխիվի (տնօրեն՝ Տատյանա Լյուբինա) հետ: |