Ս.թ. հոկտեմբերին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի Լիմաթ հրատարակչության կողմից հրատարկվել է հայագետ բ.գ.թ. Դորա Սաքայանի «Նրանց քշում են դեպի անապատները. Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիները որպես Հայոց ցեղասպանության վկաներ 1915-1918 թթ.» վերնագրով գերմաներեն գիրքը։ Դորա Սաքայանը վերծանել է գոթական ձեռագրով գրի առնված հին փաստաթղթերը, մանրակրկիտորեն մշակել է դրանք և եղելությունները տեղավորել իրենց ժամանակի մեջ։ Ի լրացումն այդ ամենի` Սաքայանն ընթերցողին պատմում է Հայկ Արամյանի հայերեն գրքից, թե ինչպես 1916 թ.-ին Զիգրիստ-Հիլթի զույգը օգնել է իրենց պահեստապետ Արամյանին` իրականացնելու իր արկածալից փախուստը։
Գրքի հրատարակման կապակցությամբ Շվեյցարիայի մի քանի գերմանախոս քաղաքներում (Գրաբս, Ցյուրիխ, Սանկտ-Գալեն) մեծ շուքով կազմակերպվել են գրքի շնորհանդեսներ։ Հանդիսություններին մասնակցելու համար Երևանից մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, ներկա են եղել նաև շվեյցարիացի և հայ երևելիներ, ինչպես նաև Զիգրիստ-Հիլթիներ զույգի հետնորդները։ Հանդիսությունների շրջանակներում Դ. Սաքայանը հարցազրույցներ է ներկայացրել շվեյցարական հեռուստատեսությանը, տարբեր օրաթերթերի՝ կարևորելով գրքի հրատարակությունն ու հայտնելով, որ կատարվում է գրքի հայերեն ու անգլերեն թարգմանությունները:
Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան
Վերադառնալ