Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ այցելեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն կնոջ՝ Եկատերինե Բաքրաձեի և դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափցիաուրիի հետ:

Պատվարժան հյուրերին ընդունեց ԵՊՀ ռեկտոր, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրեն Արամ Սիմոնյանը:

Դեսպանը ԵՊՀ ՀՀԻ հայ-վրացական հարաբերությունների բաժնին նվիրեց վրացալեզու գրականություն՝ վրաց պատմության և մշակույթի վերաբերյալ, որի նպատակն է  աջակցել հայ-վրացական գիտակրթական, պատմամշակութային, ինչպես նաև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

«Հայ և վրաց ժողովրդի ճակատագրերը մշտապես կապված են եղել, և մենք ոչ մի դեպքում երբեք չպետք է խզենք այն, ավելին, պետք է ամեն ինչ իմանանք միմյանց մասին և սատար կանգնենք միմյանց։ Շատ կարևոր է և ուրախալի, որ մեր պետությունների ղեկավարները լավ են գիտակցում այս և ամեն ինչ անում են հայ-վրացական բարեկամության խորացման համար»,- նշեց Գիորգի Սագանելիձեն։

«Այս գրքերը, լավ նվեր է մեր Հայ-վրացական հարաբերությունների բաժնին, որը գործում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում։ Մեր ուսանողները հետաքրքրված են ոչ միայն վրաց լեզվի ուսումնասիրմամբ, այլև վրաց գրականությամբ, պատմությամբ, ժամանակակից Վրաստանում տարվող քաղաքականությամբ։ Այս գրականությունը կնպաստի, որպեսզի նրանք ներգրավվեն համագործակցության մեջ, և մեր երիտասարդ սերունդը շարունակի խորացնել և զարգացնել վրաց բարեկամների հետ այն կապերը, որ մենք ունեցել ենք և ունենք այսօր», - հավելեց Արամ Սիմոնյանը։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց ԵՊՀ-ի և Վրաստանի Հանրապետության դեսպանատան միջև հետագայում ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը ինչպես վրացերենի դասավանդման, վրաց պատմության, մշակույթի ուսումնասիրության, այնպես էլ համատեղ գիտաժողովներ, հանդիպումներ կազմակերպելու համար, որոնք պիտի նպաստեն հարաբերությունների ամրապնդմանը, քանի որ լինելով անմիջական հարևաններ՝ անհրաժեշտ է, որ մեր հարաբերությունները մշտապես լինեն բարձր մակարդակի վրա՝ ի շահ դարերի խորքից եկող երկու ժողովուրդների, երկու պետությունների համագործակցության ու բարեկամության։

Հյուրերն այցելեցին նաև ՀՀԻ հայ-վրացական հարաբերությունների բաժին, ծանոթացան բաժնում տարվող աշխատանքներին և բաժնի գործունեության ընթացքում լույս տեսած գրականությանը, որոնք վերաբերում են հայ-վրացական գրական, պատմամշակութային կապերին։

Հայ-վրացական հարաբերությունների բաժնի ղեկավար Հրաչիկ Բայրամյանը իր հերթին ցավով ընդգծեց, որ հետխորհրդային տարիներին հայ-վրացական հոգևոր կապերը թուլացման միտում ունեն, և շեշտեց, որ մեր ժողովուրդների՝ այսօրվա և վաղվա մասին մտահոգությունը մեզ պարտադրում է հաղթահարել այն դժվարությունները և տարաձայնությունները, որոնք այժմ առկա են մեր իրականության մեջ, և մենք պետք է հետևենք մեր հեղինակավոր մեծերի և դասականների անձնական օրինակին, ովքեր մեզ կտակել են մաքուր և անարատ պահել մեր ժողովուրդների ծագման օրից սկիզբ առած բարեկամական կապերը։

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան


Վերադառնալ