|
|
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքների շրջանակներում իրականացված անգլալեզու «Հայոց ցեղասպանության ատլասը»՝ վերջնական քննարկումներից և ինստիտուտի ղեկավարության հավանությանն արժանանալուց հետո, արդեն պատրաստ է հրատարակության: Նշենք, որ քարտեզի կազմման աշխատանքներն սկսվել են դեռևս Բ. Հարությունյանի կենդանության օրոք: Նրա մահից հետո լաբորատորիայի աշխատակիցները ձեռնամուխ եղան ատլասը վերջնական տեսքի բերելուն և հրատարակելուն:
Ատլասը Հայաստանում առաջինն է իր տեսակի մեջ և ներկայացնում է Հայոց ցեղասպանության քարտեզագրությունը անգլերենով, որը միտված է ցեղասպանության ամփոփ համայնապատկերը միջազգային պատկան մարմիններին ու թիրախային համայնքներին հասցնելուն: Այն բաղկացած է քարտեզների շարքից՝ տեքստային բացատրություններով, պատմական լուսանկարներից, փաստաթղթերի շարքից, անդրադարձ է կատարվում նաև մշակութային ցեղասպանությանը: Ատլասը ներառում է փոխկապակցված 24 քարտեզների շարք. ներկայացվում են Հայկական լեռնաշխարհից մինչև 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմ, Հայկական հարցի միջազգայնացումից 1894-1896 թթ. հայերի Համիդյան կոտորածներ, 1909 թ. կիլիկիահայերի կոտորածներից Հայոց Մեծ Եղեռն, ինքնապաշտպանական մարտերից մինչև Բաքվի ու Սումգայիթի հայության ջարդեր և Քեսաբի հայ բնակչության տեղահանություն:
Հավելենք, որ աշխատությունը պատրաստ կլինի մեկ ամսից՝ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և կհրատարակվի Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի քաղաքային բաժանմունքի աջակցությամբ:
|