Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ սույն թվականի հուլիսի 3-ից ԵՊՀ մեծ դահլիճում մեկնարկեց ամենամյա վեցերորդ «Սփյուռք» ամառային դպրոցը: Այս տարի դպրոցի շրջանակներում կգործեն հինգ թեմատիկ ուղղություններ՝ «Լրագրողների վերապատրաստում», «Հայոց լեզվի արագացված ուսուցում», «Հայոց լեզվի և պատմության, կրթական գործի վերապատրաստում», «Երիտաասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ», «Ազգային երգի ու պարի վարպետություն»: Նշենք, որ այս տարի դպրոցին մասնակցում են մոտ 35 երկրներից շուրջ 316 մասնակիցներ: Մասնակիցները բացի տեսական և գործնական դասերից կունենան նաև մի շարք մշակութային միջոցառումներ, այցելություններ ՀՀ տարբեր տեսարժան վայրեր, թանգարաններ: Նախատեսված է հանդիպումների շարք ՀՀ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ: Հուլիսի 3-ին կայացած բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, դասընթացի կազմակերպիչներ, դասախոսներ և այլք: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Ողջունելով ներկաներին, ծրագրի մասնակիցներին, կազմակերպիչներին, դասախոսական կազմին՝ նախարարը նախ շնորհավորեց «Սփյուռք» ամառային դպրոցի 6-րդ հոբելյանական տարին՝ նշելով. «Սիրելի՛ մասնակիցներ, սիրով նորից ողջունում եմ ձեզ Հայաստանում ու Մայր բուհի հարկի ներքո: Այսօր մենք պատիվ ունենք հյուրընկալելու մեր հայրենակիցներին: Շնորհակալ եմ Սփյուռքի տարբեր համայնքներից եկած մեր մասնակիցներին, ովքեր, կարևորելով կրթությունը, նոր գիտելիք ստանալու համար եկել են Հայաստան, եկել են նոր գիտելիքով վերազինվելու, մատաղ սերնդին փոխանցելու համար: Դուք մեր դպրոցի պատմության կենսագրության մի մասն եք կազմում: Դուք ձեր ներկայությամբ հարստացնում և հյուսում եք նրա այս տարիների ընթացքը և կենսագրությունը: Դուք եք լինելու այսօրվա այն սերունդը, որը Հայաստանում ստացած գիտելիքները տանելու է Սփյուռքի իրենց համայնքներ և մեր աշխարհասփյուռ հայության կրթության և դաստիարակության համար եք օգտագործելու: Գլոբալիզացիայի այս բարդ դարաշրջանում, երբ համահարթեցման քաղաքականություն է գնում, կուլ են գնում շատ ազգեր, լեզուներ, մշակույթներ հայ ժողովուրդը, 119 երկրներում ապրելով, արարելով, փորձում է դիմակայել, պաշտպանել մեր լեզուն, մեր հայրենիքը: Այո՛, դուք այսօր ստանձնել եք մի սրբազան պարտք. այն է հայ լինել, հայ մնալ և աշխատել հայրենիքի համար: Սիրելինե՛րս, շնորհավորում եմ բոլորիս : Ուզում եմ, որ բոլորս աշխատենք և սովորենք մեծ նվիրումով»,- նշեց Հ. Հակոբյանը: ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Սփյուռք» ամառային դպրոցը ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացնելու համար՝ իր երախտիքի խոսքը հղելով համայն Սփյուռքին: «Սիրելի՛ մասնակիցներ, մենք ուրախ և հպարտ ենք ընդունելու ձեզ մայր բուհի պատերից ներս: Իսկապես, 5 տարին անցավ ակնթարթորեն, երբ Սփյուռքի նախարարի հետ սկսեցինք ստեղծել այս ծրագիրը: Շատերի համար այս գաղափարը թերահավատություն ներշնչեց, բայց այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ճիշտ աշխատանքի և անձնվիրաբար ջանքերի շնորհիվ ամեն տարի ավելանում է ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնող մեր հայրենակիցների թիվը: Դուք տեսնում եք՝ տարեցտարի թե՛ կազմակերպչական, թե՛ մասնակիցների քանակի առումով դպրոցը ինչպիսի ակտիվություն և առաջադիմություն է գրանցում: Մենք անընդհատ խոսում ենք, որ մենք ցանցային ազգ ենք, և ահա Սփյուռք ամառային դպրոցը ցանցային ազգ լինելու լավագույն ցուցիչն է: Հույս ունեմ՝ այս մեկ ամսվա ընթացքում դուք կհասցնեք ձեռք բերել մեծ փորձ և գիտելիք»: Սիմոնյանը նաև անդրադարձավ Սփյուռքում հայ ինքնության պահպանության խնդիրներին՝ փաստելով, որ ամառային դպրոցը հետապնդում է հայ ինքնությունը պահպանելու և ուժեղացնելու նպատակ: Միջոցառման պաշտոնական արարողությանը հաջորդեց համերգ, որը կազմակերպել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնը: Ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի երգչախումբը, կենտրոնի սաները, և այլք: Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան
|