Սույն թվականի հոկտեմբերի 23-ից 25-ը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Առաջին օրվա միջոցառումը տեղի ունեցավ Մատենադարանի նիստերի դահլիճում, որտեղ բացման և ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ տ. Լևոն արք. Զեքիյանը և Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Ապա սկսվեց միջոցառման մշակութային մասը, որի ընթացքում դաշնամուրի ու ջութակի հայկական դասական երաժշտական հատված ներկայացնելուց հետո ելույթով հանդես եկավ Արարատյան հայրապետական թեմի Ծաղկազարդ համույթը: Միջոցառումն ավարտվեց Մխիթարյան միաբանության պատմությունն ու գործունեությունը ներկայացնող շրջայց ցուցահանդեսով:

Երկրորդ օրը, ՀՀ ԳԱԱ նախագահական նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, որից հետո զեկուցումներով հանդես եկան Լևոն արք. Զեքիյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը: Օրվա երկրորդ կեսին գիտաժողովը շարունակվեց պատմագիտական, բանասիրական, արվեստի և մշակույթի ոլորտների թեմատիկ նիստերով: 

Նշենք, որ նիստերում ելույթներ ունեցան Հայաստանից և սփյուռքից հետաքրքրված մասնագետներ, ուսումնասիրողներ: Իսկ ԵՊՀ ՀՀԻ-ից զեկուցումներով հանդես եկան Հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ բ.գ.թ. Լուսինե Սահակյանը՝ «Վենետիկի Մխիթարյան մատենադարանում պահվող Համշենում օրինակված երկու ձեռագրի մասին (հմր. 114, հմր. 52)» թեմայով, և Վիրտուալ հայագիտության և տեղեկատվական բաժնի լաբորանտ Ավետիս Ափոշյանը՝ «Մխիթարյան միաբանության դպրոցաշինության պատմությունն ի սփյուռս աշխարհի» թեմայով:

Գիտաժողովի փակմանը Հայր Լևոն Զեքիյանը բարձր գնահատեց Հայաստանի մտավորականության առարկայական ու գիտական լուրջ մոտեցումը՝ Մխիթարյան միաբանության գործունեության ու ժառանգության նկատմամբ: «Եկէք չսպասենք յիսուն կամ հարիւր տարի անցնի, որ ժողով կազմակերպենք ու խօսինք Մխիթարեաններուն մասին, այլ պարբերաբար գոնէ 5 տարին անգամ մը կազմակերպենք այսպիսի գիտական հանդիպումներ»,- ասաց Լ. Զեքիյանը՝ եզրափակելով Մխիթարյան միաբանության նվիրված եռօրյա միջոցառումների շարքը:

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան