Ս.թ. նոյեմբերի 9-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի պատմագետների միություն» ՀԿ անդամների առաջին ընդհանուր համագումարը, որին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՄ նախագահ Արամ Սիմոնյանը: Սիմոնյանն անդրանիկ համագումարը հայտարարեց բացված, ողջունեց Հայաստանի պատմագետների միության բոլոր 119 անդամներին, ներկայացրեց համագումարի օրակարգը՝ առաջարկելով մասնակիցներին լինել ավելի գործնական: «Հարգելի՛ գործընկերներ, մեր ուսերին դրվում է ահռելի նշանակության մեծ գործ: Ժամանակակից աշխարհում պատմագետների խոսքը պետք է զերծ լինի սպեկուլացիայից և դառնա ազդեցիկ: Սա լավ հնարավորություն է համախմբել ոլորտի բոլոր մասնագետներին և, բացի տեսական խնդիրներ քննարկելուց, դիտարկել ամենատարբեր տեսակի հարցեր՝ իրենց հետագա պրակտիկ գործունեության հետ կապված: Այսօր՝ ավելի քան երբևէ, պատմագետի, քաղաքագետի, հասարակագետի խոսքը պետք է մեր հասարակությանը: Մենք այս հասարակության առողջացման մասը պետք է կազմենք»,- նշեց Ա. Սիմոնյան՝ առաջարկելով ծանոթանալ համագումարի օրագարգին: |