ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար բ. գ. թ., դոցենտ Լուսինե Սահակյանի և գիտաշխատող բ. գ. թ. Դիանա Հայրապետյանի ուղեկցությամբ մարտի 22-26-ը գիտաճանաչողական այց կատարեցին Ստամբուլ քաղաք: Ուղևորությունը մասամբ հովանավորել էր Ստամբուլի «Հրանտ Դինք» հիմնադրամը: Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Ստամբուլում գործող հայկական կենտրոնների, գործունեությանը, ստեղծել հետադարձ կապ, նյութեր փոխանակել, ձեռք բերել համապատասխան մասնագիտական գրականություն: Ուսանողները նաև հնարավորություն ունեցան Բիլգի համալսարանում մասնակցել Թուրքիայի ազգային փոքրամասնություներին վերաբերյալ դասախոսությանը, այցելեցին Սկյուտարում գտնվող Իսլամական հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև մի շարք կարևոր պատմամշակութային վայրեր: Առաջին օրը ուսանողները այցելեցին Սկյուտարի (այժմ` Üsküdar) թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով այնտեղ ամփոփված անվանի արևմտահայ գրողների ու գործիչների, այդ թվում Պետրոս Դուրյանի, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում մեծ ճանաչում և հռչակ վայելող ճարտարապետներ Բալյանների ընտանեկան գերեզմաններին: Նույն օրը ուսանողները եղան նաև հայ անվանի ճարտարապետների կառուցված Դոլմաբահչե պալատում: Երկրորդ օրը ուսանողներն անցկացրեցին «Հրանտ Դինք» հիմնադրամում: Հիմնադրամի աշխատակիցներ Բուրջու Բեջամինի, Ջեմ Արսլանի և Վահագն Քեշիշյանի հետ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Հանդիպման ընթացքում աշխատակիցները ներկայացրեցին հիմնադրամի գործունեությունը, իրակացրած ծրագրերը, աշխատաոճը: Ուսանողների և հիմնադրամի միջև ձեռք բերվեց համաձայնություն հետագայում գրականության և նյութերի փոխանակաման համար: Քննարկման վերջում ուսանողները ներկայացրեցին իրենց մագիստրոսական թեզերի թեմաները` ստանալով խորհրդատվություն գրականության և թեմաների վերաբերյալ: Երրորդ օրն արդեն ուսանողները Ստամբուլի Բիլգի համալսարանում էին` պատմաբան Բյուլնեթ Բիլմեզի հրավերով: Վերջինս պատմության ֆակուլտետի պրոֆեսոր է, ով մի քանի տարի է, ինչ արդեն Բիլգի համալսարանում հիմնել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցերի ուսումնասիրության կենտրոն: նշենք, որ նշված կենտրոնը պաշտոնապես ճանաչված չէ Թուրքիայի Հանրապետության կողմից, աշխատանքներն էլ կատարվում են կամավորության սկզբունքնով: Հանդիպմանը քննարկվեցին փոքրամասնությունների վերաբերող խնդիրները (նախկինում և ներկայում), նրանց էթնիկ դրսևորումների և ինքնությունների ընկալումների հետ կապված հարցերը։ Այդ օրը ուսանողները եղան նաև մզկիթի վերածված Այա Սոֆիայի տաճարում: Այցի չորրորդ օրն ուսանողները ծանոթանացան Թուրքիայի ամենամեծ Իսլամական հետազոտությունների կենտրոնի (ISAM) գրադարանի աշխատանքներին, տեղեկացան գրանցման կարգին, առցանց հարցումներին, հնարավորություն ունեցան ուսումնասիրել հայերի մասին եղած նյութերը (որոնց մի մասը, ցավոք հետևողականորեն զտված էին): Գրադարանի տնօրենի և հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավարի միջև ձեռք բերվեց համաձայնություն՝ հետագայում գրադարանի նյութերից օգտվելու համար: Այցելության վերջին օրը ԵՊՀ-ի դասախոսներն ու ուսանողները հանդիպեցին հայկական «ԱԿՕՍ» պարբերականի աշխատակիցներին: Թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն ներկայացրեց պարբերականի գործունեությունը: Խոսեց համայնքում պարբերականի դերի մասին, պատմեց համայնքի ներկայիս խնդիրների և թերթի այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նույն օրը հյուրընկալվեցին հայկական «Արազ» հրատարակչատանը: Ծանոթացան հրատարակված գրքերին, ափյուռքահայ ժամանակակից գրողների ստեղծագործություներին, հրատարակչության կողմից անցած դարի արևմտահայ գրողների ստեղծագործությունների վերահրատարակումներին: Հրատարակչությունը աշխատանքները տպագրում է արևմտահայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով: Ուղևորության ընթացքում ուսանողները կարողացան շփվել Ստամբուլում ապրող համշենցի մտավորականների հետ՝ տեղեկանալով նրանց մշակութային նոր ձեռքբերումների մասին։ |