ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը մայիսի 10-ին հյուրընկալեց գերմանացի անվանի ցեղասպանագետ Հիլմար Կաիզերին: Հայոց Ցեղասպանությունը ուսումնասիրող գիտնականը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության վճռի կայացումը» խորագրով դասախոսությամբ:
Դասախոսությանը ներկա էին թյուրքագիտության և ցեղասպանագիտության բաժնի ուսանողներ, դասախոսներ: Հիլմար Կաիզերն իր զեկուցմամբ ներկայացրեց Թահսին բեյի գործունեությունը, նրա կյանքի մութ էջերը և հայերի նկատմամբ վարած քաղաքականությունը Վանում նահանգապետ լինելու և Էրզրումում գտնվելու ժամանակ: Թահսին բեյի մասին իր հետազոտությունը պատմաբանը կատարել է արխիվային նյութերի ուսումնասիրությունների հիման վրա: Ըստ հեղինակի ուսումնասիրությունների՝ Թահսին բեյը եղել է երիտթուրք առաջնորդներից մեկը, ով մեծ հաջողությամբ կարողացել է թաքցնել իր հակահայ գործունեությունը: Նաև հեռագրերից մեկի համաձայն՝ Թահսին բեյը եղել է հայերին ոչնչացնելու հրաման տվողներից մեկը:
Դասախոսության ավարտից հետո ուսանողները հնչեցրին իրենց հուզող հարցերը: Նրանց համար առավել հետաքրքրական էր հեղինակի՝ Հայոց Ցեղասպանություն եզրույթի կիրառումից խուսափելը: Հեղինակը դա բացատրեց եզրույթի խնդրահարույց լինելով: Ցեղասպանության փոխարեն հեղինակը առավել նպատակահարմար էր գտնում ոչնչացում բառը` համարելով, որ ներկայումս ցեղասպանություն որակվող շատ իրողություններ իրենց մասշտաբներով համատեղելի չեն հայոց ցեղասպանության հետ: Հեղինակն այն համարում է ավելի մեծ աղետ: Ուսանողներին հուզող հարցերի շարքում էր նաև հեղինակի կողմից արխիվային նյութերի ձեռքբերումը, որի մասին հեղինակը չցանկացավ մանրամասն ներկայացանել: Հարց հնչեց նաև Հայոց Ցեղասպանության ժամանակ քրդերի մասնակցության մասին: Ըստ հեղինակի, վերջիններս նյութական շահ հետապնդելով՝ ակտիվ մասնակցություն են ունեցել ջարդերի իրականացման տարիներին: |