2018 թվականի մայիսի 15-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում  ԵՊՀ-ի և Համազգային հայ կրթական  և մշակութային միության,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով մեկնարկեց «Կրթամշակութային կյանքը Հայաստանի առաջին հանրապետությունում» գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Համազգային հայ կրթական և մշակութային միության  հիմնադրման 90-ամյակին: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի առաջին հանրապետության տարիներին  տեղ գտած կրթամշակության կյանքի պատմության էջերը:

 Զեկուցողներին և ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: Նա կարևորեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացումը: «Դարերի ընթացքում հայ ժողովուրդն աշխարհին տվել է ավելին, քան կարող է իրեն թույլ տալ փոքր ժողովուրդը: Ժողովուրդ, որը մշտապես մաքառել է իր ազատության, անկախության և պետականություն ստեղծելու ու պահպանելու համար: Չնայած Առաջին հանրապետության գոյության ահավոր պայմաններին, այնուամենայնիվ մեր հասարակական, քաղաքական և մշակութային գործիչները վայր չդրեցին իրենց գրիչը, վայր չդրեցին երաժշտական գործիքը և կարողացան մեծ հետք թողնել մեր ժողովրդի մշակութային կյանքում… Մենք հպարտանում ենք այդ մարդկանցով, նրանց գործունեությամբ, հպարտանում ենք, որ այդ դժվարին պայմաններում ստեղծեցին ԵՊՀ-ն, կրթական մեր համակարգը, հիմք դրեցին մեր այն ծաղկուն մշակույթի սկզբնավորմանը, որը հետագայում մեզ այդքան հպարտություն պատճառեց և  այսօր էլ պարգևում է»,- նշեց Սիմոնյանը:

 Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Նա պատմական անդրադարձ կատարեց այդ տարիների ընթացքում հայկական պետականության կերտման գործընթացներին՝ շեշտելով դրանում ներգրավված հասարակական, քաղաքական ու գիտամշակութային գործիչների գործունեությունը:

 «Առաջին հանրապետության տարիներին հատկապես կրթական-մշակութային կյանքը բավարար չափով ուսումնասիրված չէ, քանի որ Առաջին հանրապետության ղեկավարությունը իր հրապարակախոսական և պատմագիտական ճիգը կենտրոնացրել էր գաղափարական հիմքի վրա՝ հակազդելու իրենց դեմ իրականացված տեղին ու անտեղին ամբաստանություններին, ուստի երկրորդ պլան էր մղվել մշակութային կյանքին անդրադարձող հատվածը: Եվ այդ խնդիրը հանգամանորեն քննելու առիթը պետք է ստեղծվեր»,- նշեց Մ. Մկրտիչյանը:

 Ողջույնի խոսքին հաջորդեց գիտաժողովի առաջին նիստը, որը  ղեկավարում էին  ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մ. Հովհաննիսյանն ու Համազգային հայ կրթական  և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Վիգեն Թյուֆենքճյանը:

 Գիտաժողովի զեկուցումների շրջանակը լայն էր: Գիտաժողովի ընթացքում  ներկայացված զեկուցումները կհրատարակվեն մեկ  ժողովածուում:

 Հավելենք, որ  գիտաժողովը կշարունակվի նաև վաղը՝ մայիսի 16-ին, որից անմիջապես հետո գիտական խորհրդի նիստերի սրահի շքամուտքում կներկայացվեն  Համազգայինի «Վահե Սեթեան» հրատարակչատան տարբեր տարիների հրատարակությունները, իսկ ժամը 14:30-ին գիտական խորհրդի նիստերի սրահում տեղի կունենան «Հայոց պետականության վերածննդի 100 էջերը» գրքի շնորհանդեսը և լուսանկարների  ցուցահանդեսը:  

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան