2018 թվականի  հունիսի 4-8-ը  ԱՄՆ Նյու Հեմշեր նահանգի Կինի պետական քոլեջում  տեղի ունեցավ «Ցեղասպանագիտություն և ցեղասպանություների  կանխարգելման» երկրորդ ամառային ինստիտուտը: Ծրագրին մասնակցել են աֆրիկյան երկրներից, Հնդկաստանից, ԱՄՆ տարբեր նահագներից, եվրոպական մի քանի երկրներից ժամանած 19  դասախոսներ: Հայաստանից այս ծրագրին մասնակցել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտության  բաժնի ղեկավար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը:

 

Ամառային ինստիտուտի հիմնական նպատակն էր աջակցել աշխարհի տարբեր համալսարաններում 
ցեղասպանագիտության եւ ցեղասպանության կանխարգելման
դասընթացների զարգացմանը:  Դասախոսներին հնարավորություն էր ընձեռվում տարբեր մասնագետների հետ քննարկել, մշակել և բարելավել ուսումնական պլաններըինչպես նաեւ զարգացնել դասավանդման
մեթոդաբանությունը:

«Սա մի դասընթաց էր, որի ընթացքում մասնակիցներին տրամադրվեց և´ դասավանդման փորձառություն, և´ օգնություն թեմատիկայի ընտրության, գրականության կազմման հարցում: Ծրագրի շրջանակներում ստացել ենք նաև մեծ քանակի նյութեր՝ թե´ տեսական, թե´ գործնական պարապմունքներ անցկացնելու համար, որոնք առաջիկայում պետք է աջակցեն տարբեր ուսումնական հաստատություններում ցեղասպանագիտության դասավանդման մեթոդների կիրառմանը: Հնգօրյա դասընթացի ընթացքում լսեցինք ոլորտի առաջատար դասախոսններին, ինչպես նաև ձեռք բերեցինք պրակտիկ դասավանդման մեթոդաբանության  հետ կապված մի շարք հմտություններ»,- նշեց Մանուկյանը:   

Ծրագրի շրջանակներում դասընթացին դասախոսություններով հանդես են եկել տարբեր երկրներից ժամանած մասնագետներ ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից: Ս. Մանուկյանը հատկապես առանձնացրեց Քենիի պետական քոլեջի՝ «Հոլոքոստի և Ցեղասպանության» ուսումնասիրության կենտրոնի պրոֆեսոր Ջեյմս Ուոլերին: Նշեց, որ Ուոլերը շատ հայտնի ցեղասպանագետ է, զբաղվում է ցեղասպանության սոցիալ հոգեբանական ասպեկտներով, զանգվածային մասնակցության  խնդիրներով և  այդ ոլորտի  առաջատարն է:

Ծրագրի ընթացքում, բացի  տարբեր երկրների փորձագետների դասավանդման մեթոդներին  ծանոթանալուց, մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց ներկայացնել նաև իրենց փորձը: «Ես իմ հերթին ներկայացրել եմ ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստորսական ծրագրի դասավանդման ծրագիրը, այստեղ կարդացվող դասընթացները  և ստացել եմ որոշակի առաջարկություններ: Վերջին օրը նաև ունեցանք ընդհանուր մի քննարկում, որտեղ ամեն մի մասնակից ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման շուրջ իր երկրում տարվող աշխատաննքերը: Մի ամբողջ փաթեթ նյութեր տրամադրվեց դասախոսությունների աղբյուրների, լսարաններում ինտերակտիվ մեդոթներով քննարկումներ  կազմակերպելու համար: Ինձ համար ծրագիրը շատ հետաքրքիր էր, հատկապես փորձի փոխանակման տեսանկյունից, և, իրոք, այս դասընթացը դասավանդման տեսանկյունից անգնահատելի փորձ էր յուրաքանչյուր մասնագետի համար»,- հավելեց Ս. Մանուկյանը:

Վերջինիս խոսքով՝ ակնկալիքները մեծ են, որ ցեղասպանության կանխարգելման դասընթացը կներդրվի նաև ԵՊՀ ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստորասական ծրագրում: Դա կլինի տարածաշրջանում առաջին փորձը:

«Իսկապես, ինքս շատ կարևորում եմ այս առարկայի  դասավանդումը, որովհետև, ի վերջո, ցեղասպանագիտության ուսումնասիրման կարևորագույն թիրախն ապագայում ցեղասպանությունների կանխումն է»,-եզրափակեց Ս. Մանուկյանը:

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան