ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը Սփյուռքում իրականացվող ծրագրերի շրջանակում ձեռք է բերել վստահելի գործընկերներ, որոնց թվին է պատկանում Լիբանանի Մեծի Տանն Կիլիկիո Զարեհ Ա կաթողիկոսի անվան Դպրեվանքը: Վերջինս, իրականացնելով հոգևոր, ազգային կրթություն, ցավոք, իր կողմից տրված վկայականի ճանաչման հարցում խնդիրներ է ունեցել Լիբանանում: Դրանք արձանագրվել են նաև Հայաստանում: Գլխավորապես հենց նշված հարցի հնարավոր լուծմանն էին նպատակաուղղված 2013 թվականից ՀՀԻ-ի և Դպրեվանքի միջև ընթացող բանակցությունները: Դրանց արդյունքում 2015 թ. հունվարի 25-ին Դպրեվանքի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի շնորհիվ դպրոցի շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում ուսումը շարունակելու ԵՊՀ-ում: Այս հարցում առաջընթացը արձանագրվեց 2018 թվականին Բեյրութում ՀՀԻ և Դպրեվանքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: ԵՊՀ-ում ուսումնառության նպատակով Հայաստան տեղափոխված առաջին ուսանողն է Հակոբ Անդրյանը (Սիրիա): Հակոբը ԵՊՀ-ում փորձելու է ուսումնասիրել կյանքի փիլիսոփայությունը։ Հայաստանում ապրելն արդեն իսկ հնարավորություն է տալիս իրագործելու նրա նպատակը: «Ես միշտ ցանկացել եմ ապրել Հայաստանում, ուսանել եմ Դպրեվանքում, վերջին տարիներին շատ եմ ուզել հաստատվել այստեղ։ Համալսարանի հետ պայմանագրի կնքումից հետո որոշեցի գալ այստեղ»,- նշում է Հակոբը։ Իր պարտքն է համարում ապրել և աշխատել հայրենիքում: «Մարդիկ շատ են ասում՝ ինչ է տվել հայրենիքը ինձ, որ ես ինչ տամ։ Ես հակառակն եմ ասում՝ ինչ եմ տվել ես հայրենիքիս, որ նա ինձ տա։ Վճռել եմ՝ պետք է ուսանեմ ու դառնամ բանակային»,- ավելացրեց Հակոբը: |