Սեպտեմբերի 24-ին Լիբանանում տեղի ունեցավ «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը, որին գրախոսությամբ հանդես գալու համար հրավիրված էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:


«Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը Լիբանանում կազմակերպել էր Համազգային հայ կրթական, մշակութային միության Լիբանանի շրջանային վարչությունը: Գրքի լիբանանյան շնորհանդեսը թվով չորրորդն էր: Առաջինը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանում, երկրորդը՝ Շուշիում, երրորդը՝ Սիրիայում, վերջինը՝ Լիբանանում: 

«Լիբանանում դեռևս երեք տարի առաջ պատմաբան Երվանդ Փամբուկյանի (գրքի կազմողն է) հետ խոսել ենք գրքի տպագրման աշխատանքների մասին: Ժողովածուն ընդգրկում է շուրջ 400 նամակ, որոնց մեծ մասը երբևէ լույս չի տեսել: Ի դեպ, փաստաթղթերը հիմնականում հավաքված են Դաշնակցության՝ Բոստոնում գտնվող արխիվից»,− ysu.am-ին տված հարցազրույցում ասաց պարոն Հովհաննիսյանը: 

Համատեղ ջանքերով իրականացվեց գրքի հրատարակությունը: ՀՀԻ Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի վարիչ Վ. Մխիթարյանը ձևավորեց Արամ Մանուկյանի՝ 1904-1915 թվականների ընթացքում ծավալած գործունեության քարտեզը:

Առաջին հանրապետության 100-ամյակին ընդառաջ ԵՊՀ ռեկտոր Սիմոնյանի և պատմաբան Երվանդ Փամբուկյանի հանդիպման արդյունքում որոշվեց, որ գրքի լույսընծայմամբ կզբաղվի հենց ԵՊՀ-ն: 

«Այս ժողովածուի հրատարակությունը համալսարանի համար աննախադեպ էր, քանի որ գիրքը տպագրվեց 1000 օրինակով»,− ասաց Մհեր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը գրախոսության ընթացքում մատնանշեց, որ Արամ Մանուկյանը միշտ էլ հավատացել է, որ իր կատարած գործում մենակ չէ և դեմ է եղել, երբ իրեն համարել են միակ փրկիչը: Նա դեմ էր անհատապաշտությանը: Նամակների միջոցով հնարավոր է ճանաչել քննադատ Արամ Մանուկյանին, ծանոթանալ Արամ Մանուկյան ուսուցչի կերպարին:

Շարունակությունը՝
ysu.am