Արդեն երեք տարի է, ինչ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը արդյունավետորեն աշխատում է Մոսկվայում գործակցային ծրագրերը ընդլայնելու ուղղությամբ: 2016 թ. ՀՀԻ-ին հաջողվեց կապ հաստատել և գործակցության համաձայնագիր ստորագրել Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի սփյուռքների պատմության լաբորատորիայի հետ: 2017 թ. կնքված հայ-ռուսական միջպետական պայմանագրերի շրջանակում ՀՀԻ-ին հնարավորություն ընձեռվեց իրականացնելու միջազգային երկու ծրագիր, որոնք իրականացվում են Դոնի Ռոստովի և Մոսկվայի հայկական համայնքների հետ:
ՀՀԻ ներկայացուցիչներից հայ-ռուսական հետազոտական միջազգային ծրագրերում ընդգրկվեցին ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և նույն ինստիտուտի Սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի վարիչ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը:
Նոյեմբերի 4-11-ը Մհեր Հովհաննիսյանն ու Արման Եղիազարյանը հրավիրված էին մասնակցելու Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի սփյուռքների պատմություն լաբորատորիայի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայ սփյուռքի ձևավորման առանձնահատկությունները Ռուսաստանում և Մոսկվայում» խորագրով գիտագործնական կլոր սեղան-քննարկմանը: Լաբորատորիայի կողմից կազմակերպված քննարկմանը ԵՊՀ ներկայացուցիչները հանդես են եկել մեկական զեկույցով, իսկ հաջորդիվ՝ նաև դասախոսություններով։ Հավելենք, որ հայ-ռուսական հետազոտական միջազգային ծրագրերից մեկի համաղեկավարներ են Արման Եղիազարյանն ու մոսկովյան լաբորատորիայի ղեկավար Օկսանա Սոլոպովան։
«Մեր զեկուցումները նվիրված էին, անշուշտ, համայնքային խնդիրներին։ Ընդգրկված լինելով Դոնի Ռոստովի հայ համայնքի ժամանակակից զարգացումները հետազոտող հայ-ռուսական հետազոտական միջազգային խմբի կազմում՝ զեկույցում ներկայացրել եմ Դոնի Ռոստովի ու Լիբանանի հայկական համայնքների ինքնության և ինստիտուտների համեմատական վերլուծությունը: Շատ եմ կարևորում ոչ միայն Մոսկվայի հայկական համայնքային կառույցների, այդ թվում՝ նաև տեղի գիտակրթական կառույցների, նաև Մոսկվայի պետական համալսարանի հետ մեր համագործակցությունը։ Սկսած 2016 թվականից՝ նմանօրինակ համատեղ ծրագրեր ենք իրականացնում և աշխատում դրանք ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ»,− ասաց Մ. Հովհաննիսյանը։
Արման Եղիազարյանը նույն քննարկման ժամանակ հանդես է եկել Հայ սփյուռքի պատմության պարբերացման հարցերի շուրջ զեկուցմամբ:
Մոսկվայի պետական համալսարանում Մհեր Հովհաննիսյանն ու Արման Եղիազարյանը հանդես են եկել բաց դասախոսություններով, որոնք նվիրված են եղել Հայաստանում պատմագիտության ժամանակակից փուլում տեղ գտած զարգացումներին ու Հայոց պատմության միջնադարն ընդգրկող պատմական իրողություններին:
Մ. Հովհաննիսյանը Ռուսական պետական հումանիտար համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանությունների պատմության կենտրոնի վերլուծաբան Արմինե Անտոնյանի հրավերով հանդես է եկել տեղի ուսանողության համար «Հայոց ցեղասպանություն. պատճառներ և հետևանքներ» խորագիրը կրող դասախոսությամբ:
«Արդեն երկրորդ անգամ է, որ Մոսկվայի Հայորդյաց տան շրջանակներում հանդիպում եմ տեղի սաների մի խումբ ծնողների հետ և քննարկում հայեցի դաստիարակության, հայապահպանության տարաբնույթ հարցեր: Այս ձևաչափին ինձ ծանոթացրեց իմ լավ բարեկամ, համալսարանական, այժմ մոսկվայաբնակ Աշոտ Ավետիսյանը, ով կրկին նման հնարավորություն ստեղծեց, որին արդեն մասնակցեցինք Արման Եղիազարյանի հետ: Մոսկվա կատարած այցի շրջանակում հյուրընկալվեցինք նաև «Դեպի Արարատ» կազմակերպության գրասենյակում։ Տեղի երիտասարդական միավորման ներկայացուցիչների համար հայոց պատմության թեմատիկ հարցերի շուրջ դասախոսություններ կարդացինք»,− ավելացրեց Մ. Հովհաննիսյանը։
Դասախոսությունների շարքն ամփոփվեց «Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի» կազմակերպած «Աշխարհի հայկական սփյուռքը. տեսականից դեպի գործնական» խորագիրը կրող գիտագործնական բաց քննարկում-հանդիպմամբ: «Հանդիպումը կարևոր էր այնքանով, որ այն ծավալվեց ոչ թե տեսական, գիտական հարցերի շուրջ, այլ՝ գործնական, որոնք ամեն օր լուծում են պահանջում»,− ընդգծեց Մհեր Հովհաննիսյանը:
Մհեր Հովհաննիսյանը նաև հանդիպումներ է ունեցել համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: «Երեք-չորս հանդիպումների արդյունքում տարբեր ուղղվածության համագործակցության նոր ծրագրերի տեսլականներ արձանագրեցինք»,−նշեց նա:
Համայնքային այդ կառույցների թվում էր «Ռուսաստանի հայերի միության» Մոսկվայի քաղաքային բաժանմունքը:
«Անշուշտ, կարևորում ենք գործակցությունը Մոսկվայի համայնքային բոլոր կառույցների հետ, որոնք, սակայն, պետք է հաստատուն լինեն՝ հենված փոխգործակցության սկզբունքների հիման վրա: «Ռուսաստանի հայերի միության» Մոսկվայի քաղաքային բաժանմունքի գործադիր խորհուրդը նման կառույցներից մեկն է: Շահեն Պետրոսյանի ղեկավարած կառույցի հետ երկու տարի է, ինչ համագործակցում ենք, և կարծում եմ փոխգործակցությունը մեր հարաբերությունների հիմքում տեսականից գործնական բնույթ է ստացել: Այս այցելության ժամանակ Շ. Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում նոր ծրագրերի շուրջ ենք զրուցել»:
Մհեր Հովհաննիսյանը արձանագրում է, որ համայնքային այս կառույցի շենքում նոր փոփոխություններ են տեղի ունեցել: «Ուրախությամբ արձանագրեցի, որ այնտեղ լոֆթի ձևաչափով ժամանակակից, բավականին մեծ ու հետաքրքիր կենտրոն է բացվել, որը կնպաստի հայ և օտարազգի երիտասարդության միջմշակութային կապերի ամրապնդմանը»:
Կենտրոնի տնօրեն Արմինա Մամիկոնյանի հետ դիտարկվել են հնարավոր համագործակցության հարցեր: «Արմինա Մամիկոնյանի հետ քննարկման ժամանակ որոշվեց, որ այդ կառույցում ԵՊՀ-ն ներկայացուցչական սենյակ կամ հարթակ կունենա, որտեղ կտեղադրվի համալսարանի հրատարակություններից և ներկայացուցչական հրապարակումներից բաղկացած հավաքածու՝ այդպիսով հնարավորություն տալով տեղի երիտասարդներին ծանոթանալու մայր բուհին»: Կառույցի ղեկավարի հետ քննարկման ժամանակ ձեռք բերվեց նաև նախնական պայմանավորվածություն՝ կապված հեռաուսուցման ծրագրերի հետ: «Պայմանավորվեցինք, որ Մոսկվայում կազմակերպվելիք հեռաուսուցման ծրագրերի քննական փուլը կիրականացվի կառույցի տրամադրած սենյակներում»:
Մ. Հովհաննիսյանը հանդիպել է նաև Մոսկվայի հայկական թանգարանի տնօրեն Արսեն Ալեքսանյանի հետ։ Քննարկվել են ինչպես ԵՊՀ ՀՀԻ մասնագետների՝ թանգարանի վիրտուալ հարթակում հոդվածներ տպագրելու հեռանկարները, այնպես էլ տեղում հայապահպանությանը նպաստող ծրագրերի համատեղ իրականացման հարցերը։
«Կարևոր և փոխճանաչելի էին այցելության վերջին օրը «Տպարան» ընկերության տնօրեն Արմեն Հովհաննիսյանի, «Ժամ» պարբերականի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի, խմբագրի տեղակալ Վլադիմիր Պետունցի հետ հանդիպումները: Քննարկվեցին համագործակցության հնարավորությունները»,− ամփոփելով մոսկովյան այցի բանակցային մասը՝ նշեց Մ. Հովհաննիսյանը:
«Հույս ունենք, որ նմանօրինակ հանդիպումների շնորհիվ Մոսկվայի հայ համայնքի և գիտակրթական կառույցների հետ հարաբերություններն ավելի են խորանալու և ընդլայնվելու՝ թղթային, տեսական մակարդակից անցնելով գործնական քայլերի: Մոսկվայի հայկական համայնքը շատ մեծ է, և հայապահպանության ուղղությամբ այստեղ շատ աշխատանք կա անելու»,− հարցազրույցի վերջում ասաց ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը։
|