Ս.թ. դեկտեմբերի 9-12-ը կայացավ «Ըննդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը: Առաջին անգամ այն կազմակերպվել է 2015թ., այնուհետև՝ 2016թ.-ին: Նախատեսվում է, որ գլոբալ ֆորումը այսուհետ կանցկացվի երկու տարին մեկ անգամ: «Գլոբալ ֆորումի կազմակերպման նախաձեռնողը Հայաստանն է: 2015թ. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի կառավարությունը որոշեց կազմակերպել մի միջոցառում, որը կընդգծի Հայաստանի դերը՝ որպես ցեղասպանությունների կանխարգելման առաջամարտիկ ամբողջ աշխարհում»,-նշեց ՀՀԻ Ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը: Գլոբալ ֆորումը փորձում է մշակել առաջարկներ՝ դրանք ներկայացնելով տարբեր երկրների կառավարությանը և միջազգային մի շարք կառույցների: «Այս տարվա ֆորումը առանձնանում է նրանով, որ նրա համակազմակերպիչներ են եղել Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակը: Բավականին մեծ ներկայացուցչական կազմ էր ժամանել Հայաստան. 36 հոգանոց անձնակազմ, որոնց թվում էին հանրահայտ գիտնականներ, քաղաքական գործիչներ, ներկայացուցիչներ միջազգային տարբեր կառույցներից»,-ասաց Սուրեն Մանուկյանը: Ֆորումի այս տարվա թեման էր՝ «Ցեղասպանության կանխարգելումը կրթության և արվեստի միջոցով»: Հայաստանից մասնակցում էին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և ՀՀԻ Ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը: «Զեկույցս վերնագրված էր՝ «Ցեղասպանության կրթությունը Հայասատանում. ինչո՞ւ և ինչպե՞ս», որի ընթացքում փորձեցի ներկայացնել իրավիճակը Հայասատանում, թե որտեղ է դասավանդվում առարկան և ինչպես: Հատուկ շեշտեցի ՀՀԻ Ցեղասպանագիտություն մագիստրոսական ծրագիրն ու մեր բաժնում տարվող աշխատանքները»,-ընդգծեց Ս. Մանուկյանը: Ֆորումի դերն ու կատարած աշխատանքները Սուրեն Մանուկյանը գնահատեց շատ բարձր: Նա նշեց, որ նմանատիպ ֆորումը շատ կարևոր է հատկապես նոր կապերի հաստատման տեսանկյունից: Ըստ Մանուկյանի, այս ընթացքում ստեղծվել է մի ցանց, որը հետագայում կօգնի կանխարգելման գործը միասին առաջ տանել, ինչպես նաև ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի դերը ցեղասպանությունների հանցագործության կանխարգելման գործում: |