<<Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում>>Հունիսի 4-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ <<Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում>> խորագրով հանրապետական գիտաժողով, որը կազմակերպվել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հետազոտությունների բաժնի կողմից: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ-ի տնօրեն Արամ Սիմոնյանը և ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գիտական քարտուղար Աշոտ Մելքոնյանը: <<Այսօր համաշխարհային մասշտաբով տեղի են ունենում աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում տարածաշրջանի ապագայի վրա: Պետք է հասկանալ համաշխարհային քաղաքական գործընթացներում ինչպիսին պետք է լինի մեր դիրքորոշումը: Այդ պատճառով կարևոր է նման գիտաժողովների անցկացումը, որպեսզի ձևավորվի ընթացիկ գործընթացների հետ կապված ազգային անվտանգության տեսանկյունից որոշակի կանխատեսումներ անելու ավանդույթ: Վերջին մի քանի տարում այս ոլորտում մեզ մոտ որոշակի ուսումնասիրություններ կատարվում են>>,- ողջունելով ներկաներին՝ ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա նաև ավելացրեց, որ քաղաքագիտության ոլորտը շատ ավելի բարդ է, քան կարելի է կարծել, թեկուզ միայն այն պատճառով, որ այս ոլորտում սխալների համար հասարակությունը շատ թանկ է վճարում: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ այս առումով ԵՊՀ-ի խնդիրն է լավ քաղաքագետ կադրեր պատրաստելը: Աշոտ Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց և ողջունեց Պաշտպանության նախարարության հետ համատեղ նման գիտաժողովների անցկացման նախաձեռնությունը: <<Վերջին քսան տարիները Հայաստանի համար եղան անցումային փուլ, երբ բոլոր ոլորտներում մենք ստիպված էինք սովորել հենց գործելու ընթացքում: Սակայն ներկայումս մենք ունենք կայացած ռազմակրթական ոլորտ: Գիտաժողովի թեման չափազանց արդիական է, քանի որ միջազգային միաբևեռ վտանգից հետո, որը ԽՍՀՄ-ն էր, հիմա կան բազմաբևեռ վտանգներ: Տեղեկատվության ահռելի հոսքի ժամանակակից պայմաններում մեզանից պահանջվում է ճիշտ կողմնորոշվել ներկա իրավիճակում: Ռազմական կրթության ոլորտում մենք դեռևս շատ անելիքներ ունենք>>,- նշեց Աշոտ Մելքոնյանը: Գիտաժողովի առաջին զեկուցողը <<Նորավանք>> գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների բաժնի ավագ փորձագետ Արա Մարջանյանն էր, ով ներկայացրեց <<Միջուկային Թուրքիան>> խորագրով զեկույց: Զեկույցներով հանդես եկան նաև հոգեբան Կարինե Նալչաջյանը, ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ Բենյամին Պողոսյանը, Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ-ի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Մհեր Բաղդասարյանը, Լևոն Հովսեփյանը, ԵՊՀ ՀՀԻ-ի ռազմավարական հետազոտությունների բաժնի գիտաշխատողներ Վահրամ Միրաքյանը, Դավիթ Ջամալյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նաև ԵՊՀ սոցիոլոգիայի, հոգեբանության ֆակուլտետների, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ուսանողներ:
|