Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ծավալվող յուրաքանչյուր զարգացում իր տեղն է գտնում համացանցում՝ նպատակ ունենալով թիրախային լսարանին մատուցել անհրաժեշտ մեկնաբանությամբ համեմված տեղեկատվություն: Շատ դեպքերում նման տեղեկատվություն ստացած օգտատերերը փորձում են հիմնախնդրի ձևավորման պատմության և ընթացիկ զարգացումների մասին համացանցի որոնման դաշտերում փնտրել հիմնախնդրին առնչվող բանալի բառեր: Այստեղ է, որ նրանք առնչվում են գիտական և գիտահանրամատչելի համացանցային նյութերին: Այս մասին նշեց հունիսի 19-ին <<Ելակետ>> մամուլի ակումբում տված ասուլիսի ժամանակ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական քարտուղար, Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը: Բանախոսն ընգծեց, որ վերջին 4-5 տարիների ընթացքում համացանցում նկատելիորեն աճել են այն կայքերի թիվը, որոնցում առկա են հիմնախնդրին առնչվող գիտական և գիտահանրամատչելի բնույթի նյութեր: Ըստ Մ. Հովհաննիսյանի, ադրբեջանական կողմը իր հերթին փորձում է զանազան կայքերի միջոցով համացանցային օգտատերերին ներկայացնել (հիմնականում ռուսերեն և անգլերեն) հիմնախնդրին առնչվող տարաբնույթ <<գիտական>> ուսումնասիրություններ՝ չզլանալով դրանցում հերթական անգամ ընդգծել <<հայկական կողմի որպես ագրեսիվ կողմ, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածք>> ներկայացնելու և նմանատիպ այլ անհիմն կարծրատիպերը: Մ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ նման ադրբեջանական նյութերը շատ դեպքերում այն աստիճան թերի են պատրաստված, որ նույնիսկ անզեն աչքով դրանցում կարելի է միմյանց հակասող տվյալներ նկատել: Անդրադառնալով հայկական կողմի իրականացվելիք քայլերին՝ բանախոսը նշեց, որ այսօր արդեն Հայաստանում լայն թափով թվայնացվում է հիմնախդրի ուսումնասիրության համար սկզբնաղբյուր ծառայող բազմաթիվ փաստաթղթեր, հուշագրություններ, ինչպես նաև բարձրարժեք ուսումնասիրություններ: Դրանք համապատասխանաբար տեղադրվում են հայաստանյան հայագիտական գիտահետազոտական կառույցների, ինչպես օրինակ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Մատենադարանի, Հայաստանի ազգային գրադարանի, Ազգային արխիվի պաշտոնական կայքերում, նաև առանձին համացանցային նախագծերում: Անդրադառնալով իր ղեկավարած բաժնի գործունեությանը՝ բանախոսը նշեց, որ արդեն ավելի քան 4 տարի է իրենք մոնիթորինգի են ենթարկում համացանցի համապատասխան ռեսուրսները և եկել են այն համոզման, որ ադրբեջանական գիտական կեղծարարությամբ զբաղվող տարեկան 4-5 կայք է փակվում: Եվ չնայած նույն գործով զբաղվող նոր ծնունդ առնող տարեկան 2-3 կայքերի ի հայտ գալու միտումներին՝ դրանցում նյութերի հագեցման դինամիկան շարունակում է պասիվ վայրէջք ապրել: Զուգահեռ դրան Հովհաննիսյանը ավելացրեց, որ շնորհիվ այն փաստի, որ վերջին տարիներին համացանցում գիտական և գիտահանրամատչելի ռեսուրսների դրոշակակիրները դառնում են հայաստանյան հայագիտական կառույցները դաշտում նկատվում է արժանահավատ գիտական գրականության սրընթաց աճ, ինչին նպաստում է նաև այս գործում հայկական սփյուռքի օրեցօր աճող մասնակցությունը: |