<<Ազգային գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում>>

Գիտաժողով` նվիրված Հայաստանի Հանրապետության 

անկախության 21 ամյակին

 

Սեպտեմբերի 20-ին ԵՊՀ  Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից անցկացվեց <<Ազգային գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում>> թեմայով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21 ամյակին: Միջոցառմանկազմակերպման հարցում համատեղ հանդես եկան ՀՀԻ ռազմավարական հետազոտությունների բաժինը և <<<<ArmSEC>> գիտակրթական կենտրոն>> հասարակական կազմակերպությունը: Գիտաժողովի զեկուցողները փորձում էին իրենց ոլորտի ու մասնագիտության տեսանկյունից մեկնաբանել, թե ինչ է ազգային գաղափարախոսությունը, և ինչ դեր ունի այն  ՀՀ տեղեկատվական անվտանգության հարցում:

ԵՊՀ ռեկտոր, ՀՀԻ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը բացման խոսքում ընդգծեց նման գիտաժողովների գործնական նշանակության կարևորությունը:<<Հաճախ գիտաժողովները սահմանափակվում են միայն զեկուցվող նյութերի հրատարակությամբ: Անհրաժեշտ է, որպեսզի կոնկրետ բնագավառում դրանք ունենան գործնական նշանակություն: Հուսով եմ, որ այսօրվա քննարկման մեջ կլինեն կոնկրետ առաջարկներ՝ կապված ազգային գաղափարախոսության և տեղեկատվական անվտանգության հետ>>,- ասաց Արամ Սիմոնյանը:

Խոսելով ազգային գաղափարախոսության մասին՝ առաջին զեկուցող Գագիկ Հարությունյանը՝ <<Նորավանք>> գիտակրթական հիմնադրամի տնօրենը, նշեց, որ անհրաժեշտ է տարբերակել <<ազգային գաղափարախոսություն>> և <<ազգային գաղափար>> հասկացությունները: Ըստ զեկուցողի, ազգային գաղափարը ռազմավարական նպատակ է կամ գերխնդիր, որն ընկած է ազգային գաղափարախոսության հիմքում: Իսկ ազգային գաղափարախոսությունը հայացքների համակարգ է, որն ուղղված է այս կամ այն երևույթին, և այն ժամանակի ընթացքում կարող է փոխվել: <<Առաջընթաց ապահովելու համար մենք պետք է կարողանանք համադրել ազգային-պահպանողական և ունիվերսալ գաղափարախոսությունները>>,- նշեց Գագիկ Հարությունյանը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Նալչաջյանի խոսքով,  յուրաքնաչյուր ազգ ոչ թե պետք է փոխառնի մյուսներից, այլ ինքը պետք է ստեղծի իր ազգային գաղափարախոսությունը՝ հենված ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունների վրա: <<Հայ ազգային գաղափարախոսության մասերից մեկը պետք է լինի էթնիկական արժեքների ամբողջությունը: Պետք է հաշվի առնել տվյալ ազգի մտածողության առանձնահատկությունները>>,- նշում է Ալբերտ Նալչաջյանը: Նա առաջարկում է մտածել էթնիկական տնտեսագիտության մասին: Այսինքն՝ հաշվի առնել, թե գործունեության  որ ոլորտն է ավելի բնորոշ հայերին և զարգացնել այդ ուղղությունները, որտեղ կարելի է հաջողության հասնել նույնիսկ համաշխարհային մակարդակով:

Ազգային գաղափարախոսություն ունենալու  անհրաժեշտությունը ՀՀ տեղեկատվական անվտանգությանտեսանկյունից հիմնավորեց և  ՀՀ տեղեկատվական անվտանգության մինչ այժմ ունեցած հայեցակարգի թերի կողմերի մասին իր զեկույցում խոսեց քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը: <<Ազգային գաղափարախոսությունը հստակ գործիքային նշանակություն ունի տեղեկատվական անվտանգության տեսանկյունից: Տեղեկատվական պատերազմում մենք ունենք իդեա, բայց չունենք արդյունավետ ռազմավարություն, իսկ հակառակ կողմը ունի դիվանագիտական լոգոս, բայց չունի իդեա:>>,- նշեց Արթուր Աթանեսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը իր զեկուկցում նշեց, որ շատ հանրություններում ազգային գաղափարախոսությունը համարվում է ընդհանուր թշնամու դեմ միավորում: <<Ադրբեջանում հայատյացությունը ազգային գաղափարախոսություն է: Երբ մի քանի տարի առաջ խոսվում էր այն մասին, որ այդ երկրում հսկայական գումարներ են ծախսվում այդ ուղղությամբ, շատերի համար դա ծիծաղելի էր: Սակայն այսօր դա մեզ համար լուրջ սպառնալիք է>>,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

Արվեստագետ, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանի խոսքով էլ մենք պետք է մտածենք նաև մեր արվեստիմիջոցով այլ երկրների ներկայանալու հարցի շուրջ: Իսկ ազգային գաղափարախոսությունը պետք է կառուցվի ազգային ինքնագիտակցության վրա:

Վերջին զեկույցը ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանինն էր: Նա փորձեց պարզաբանել, թե արդյոք համատեղելի են ժողովրդավարությունը և ազգային գաղափարախոսությունը: <<Եթե մենք ուզում ենք ունենալ ազգային գաղափարախոսություն, պետք է նախ կարողանանք հասկանալ, որ ժողովրդավարության պայմաններում ևս հնարավոր է ազգային գաղափարախոսության գոյությունը: Մենք պետք է կարողանանք գտնել ժողովրդավարության և ազգային գաղափարախոսության սինթեզը>>,- նշեց Դավիթ Ջամալյանը:

Զեկույցների ավարտին հաջորդեցին քննարկումները, որոնք առնչվում էին ազգային գաղափարախոսության և ՀՀ տեղեկատվական անվտանգության հետ կապված մտահոգություններին, առկա խնդիրների հրատապության հետ: 

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀԻ փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հովհաննիսյանը: Նշելով ազգային գաղափարախոսության բաղադրիչներ հանդիսացող ազգային արժեքների հայ հանրությանը հնարավորինս հասու դարձնելու՝ ասել է թե ազգային գաղափարախոսության իմաստային և բովանդակային բաղադրիչները ընկալելի դարձնելու անհրաժեշտությունը, Հովհաննիսյանը ներկայացրեց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի այդ ուղղությամբ կատարվող քայլերը, ինչպես նաև դրանք տեղեկատվական դաշտում՝ մասնավորապես համացանցում մատչելի ներկայացնելու և հնարավոր զեղծարարությունների դեմ արդյունավետ պայքարելու ինստիտուտի ռազմավարությունը:  

Գիտաժողովից հետո զեկուցումները կհրատարակվեն ժողովածույի տեսքով և կտարածվեն բոլոր գրադարաններում և ոլորտով հետաքրքրվող կառույցներում: