Լույս է տեսել Գարեգին Նժդեհի գրական երկերի նոր ժողովածուն, որի շնորհանդեսը կայացավ ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Գարեգին Նժդեհի գրական գործերը առաջին անգամ տպագրվել են 2003թ., ուր զետեղված են 1910-1918 թթ. Այսրկովկասի մամուլում նրա հրատարակած չափածո և արձակ ստեղծագործությունները: Սա Նժդեհի 1903-1919թթ. գրական ժառանգության ամենաամբողջական ժողովածուն է, քանի որ ներառում է նաև Վենետիկի Ս. Ղազար կղզում պահվող նրա ավելի քան քառասուն նորահայտ աշխատանքները:Վերջիններիս լուսապատճենները, որոնք գրեթե չեն տարբերվում բնագրերից, տրամադրվել են Մխիթարյան միաբանության անդամ, ծայրագույն վարդապետ Վահան Օհանյանի կողմից, ով նաև ժողովածուի խմբագիրն է:

 
«Հայ ժողովրդի  նվիրյալների մասին, ինչպիսին Գարեգին Նժդեհն է, անհրաժեշտ է խոսել թե՛ ռազմահայրենասիրական դաստիարակության, թե՛ արժանի ապագայի կերտման համար: Նրա մեջ ամփոփված են առաջնորդի, հայրենիքի նվիրյալի, մեծ անհատի, ստեղծագործողի կերպարները»,- ողջունելով ներկաներին՝ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Ռաֆայել Համբարձումյանը, ով կազմել է ժողովածուն, իր խոսքում Նժդեհի ստեղծագործությունները բնորոշեց հենց Նժդեհի խոսքով՝ անվանելով դրանք հայրենատիրական: «Իմ կարծիքով, Նժդեհը նոր ոճի արձակ ստեղծագործության հեղինակ է. արձակ, որը նաև բանաստեղծություն է և իր ազդեցությունն ունեցավ հայ գրականության վրա՝ մասնավորապես Շիրազի, Սևակի, ինչպես նաև արևմտահայ մի շարք գրողների ստեղծագործությունների վրա»,- նշեց Ռաֆայել Համբարձումյանը: Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ. Փետրվարի 1-ին, Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում: Գարեգին Տեր-Հարությունյանի Նժդեհ ծածկանունով առաջին ստորագրությունը հանդիպում է 1903 թ. գրած իր ոտանավորներում: Նժդեհը չափածո և արձակ ստեղծագործություններից բացի գրել է նաև ձոներ, մահախոսականներ և այլ բնույթի գործեր: