Փետրվարի 27-ին կայացավ պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Ստեփանյանի «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի 2-րդ կեսին» (անգլերեն) և «Բաքու քաղաքի հայության պատմությունը» (հայերեն) գրքերի շնորհանդեսը: Իր խոսքում հեղինակը նշեց, որ Բաքվի թեման իրեն հոգեհարազատ է, քանի որ իր ընտանիքը 1918թ.-ի Բաքվի ցեղասպանության վերապրածներից է: «Այդ օրերին իմ տատս ու պապս ապրել են Բաքվում: Տատս նավով հեռանում է Պարսկաստան, իսկ պապս Բաքուն վերջին լքողներից է եղել և 9 ամիս հետո նորից վերադարձել է Բաքու: Երբ ես հարցրեցի, թե ինչուն են վերադարձել, պապս պատասխանեց. «Ինչպե՞ս ես չվերադառնայի իմ տունը»»,- պատմում է Գևորգ Ստեփանյանը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեր, որ վերջին տարիներին Սփյուռքի նախարարությունը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և այլ ինստիտուտների հետ միասին ուսումնասիրություններ է կատարում հայկական սփյուռքի հիմնախնդիրների հետ կապված: «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» անգլերեն լեզվով գրքի միջոցով մենք քաղաքակիրթ աշխարհին փորձում ենք ներկայացնել իրական պատմությունը: Չէ՞ որ ադրբեջանական քարոզչությունը բացահայտ հայատյաց քաղաքականություն է իրականացնում: Պատահական չէ շնորհանդեսի օրը, քանի որ հենց այս օրերին 1988թ.-ին իրականացվել են Սումգայիթյան ջարդերը, որին միջազգային հանրությունը դեռևս արժանի գնահատական չի տվել»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, ճշմարտությունը պետք է քարոզել, որպեսզի մարդիկ ստի գերի չդառնան: «Այլիսլիի գրքի հրատարակումը ևս մեկ անգամ եկավ հաստատելու, թե ինչպիսիք են մեր հարևանները: Գիրքը, որտեղ խաղաղասիրություն էր քարոզվում, այդպիսի բուռն արձագանք ստացավ Ադրբեջանում»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Պատմական առումով հարցին անդրադարձավ ՀՀ ԳԱԱ տնօրեն, Ակադեմիայի թղթակից-անդամ Աշոտ Մելքոնյանը, որը նաև ընգծեց այն փաստը, որ քարոզչական դաշտում ևս վերականգնվում է հավասարակշռությունը: «Գրքի միջոցով հնարավոր է ծանոթանալ Բաքվի պատմության հետ: Ներկայացված է Բաքվի ամբողջ ժողովրդագրական պատկերը մինչև 19-րդ դարի 2-րդ կեսը: Հայերը հսկայաական ավանդ են ունեցել Բաքվի զարգացման, կառուցման գործում»,- նշեց Աշոտ Մելքոնյանը: Շնորհանդեսին ներկա էին նաև պատմաբան, ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, ԳԱԱ թղթակից-անդամ Ալեքսանդր Մանասյանը, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, գրքի խմբագիր, պ.գ.թ. Էմմա Կոստանյանը, ինչպես նաև անգլերեն թարգմանության խմբագիր, պ.գ.թ. Էդուարդ Դանիելյանը:
|