Երկու տարի առաջ ՀՀ նախագահի հրամանով ստեղծված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 22-23-ին Երևանում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով: Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում ասվում էր, որ գիտաժողովի արդյունքում ի մի բերված արդյունքները հաշվի են առնվելու հետագա անելիքների ճշգրտման համար: Որպես պետական հանձնաժողովի քարտուղար` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ գիտաժողովը զուտ ակադեմիական չէ, այլ կոչված է ճշգրտելու հետագա անելիքները 100-ամյակին ընդառաջ: Նա հորդորեց մասնակիցների հանդես գալ իրենց առաջարկներով: Գիտաժողովի ընթացքում իրենց զեկույցներով ներկայացան հայաստանյան, Սփյուռքի, ինչպես նաև օտարերկրյա մի շարք մասնագետներ: Ամերիկաբնակ հայ պատմաբան, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռիչարդ Հովհաննիսյանը, ներկայացնելով իր զեկույցը` 100-ամյա տարելիցը նշելու մոտեցումների հետ կապված, առաջարկեց մշակութային ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել:
«Աշխարհն ավելի շատ հետաքրքրված է ոչ թե գիտաժողովներով, այլ մշակույթով` կինոյով, երաժշտությամբ, արվեստով»,- ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը` ավելացնելով նաև, որ հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների կայքերում շատ քիչ տեղեկություններ կան Հայոց ցեղասպանության մասին, ինչը մեծ բացթողում է:
Ամերիկահայ գիտնական, պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության պատմաբան, Զորյան հաստատության ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանը անդրադարձավ ցեղասպանության հետազոտության հեռանկարներին: Նա իր զեկույցում համեմատականներ անցկացրեց հրեական Հոլոքոստի հետ` նշելով, որ, ինչպես հրեաների դեպքում, ցեղասպանությունը թուրքական քաղաքական կուսակցությունների ծրագիրն էր: Մասնավորապես, խոսքը «Իթթիհատական» կուսակցության մասին է: Նա նշեց, որ ներկայումս իրենց կողմից ուսումնասիրվում է, թե ինչ պայմաններում իթթիհատականների մոտ հղացավ ցեղասպանության ծրագիրը: Պրոֆեսոր Տատրյանը նաև նշեց, որ , ի տարբերություն հրեաների, Հայոց ցեղասպանությունը հայրենազրկող ցեղասպանություն էր. հայերը բնաջնջվեցին իրենց պատմական հայրենիքում: Վերջին տեսակետի հետ համաձայնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Սակայն նա հակադրվեց պրոֆեսոր Տատրյանի այն տեսակետի հետ, որ Հայոց ցեղասպանությունը կուսակցական ծրագիր էր՝ նշելով, որ 1894-96թթ.-ի Համիդյան ջարդերի ժամանակ չկար կուսակցություն: Պատմաբան Արմեն Մարուքյանն էլ այս կապակցությամբ նշեց, որ Երիտթուրքական կուսակցության և պետության սերտաճում էր տեղի ունեցել:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը անդրադարձավ նախատեսված միջոցառումներին և տեղեկացրեց թանգարանի նոր շենքի կառուցման մասին, որը հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ավելի շատ նյութեր ներկայացնել:
Գիտաժովովի առաջին օրը ներկայացված մյուս զեկույցներում մասնագետները անդրադարձան նաև այլ խնդիրների ՝ կապված ցեղասպանությունը վերապրողների հուշագրությունների, Ցեղասպանության հետ կապված լուսանկարների ամբողջական շարքի, Հայոց ցեղասպանության մասին նոր հանրագիտարանի հրատարակության հետ: Խոսվեց նաև ԱՄՆ նախագահների՝ մասնավորպես Բ. Օբամայի երկակի քաղաքականության, Թուրքայի կողմից պատմական փաստերի խեղաթյուրման մասին: Մասնակիցների կողմից քննարկվեց նաև ներկայումս Սիրիայում ընթացող զարգացումներ համատեքստում շարունակվող հայոց ցեղաասպանության հարցը: Մի քանի մասնագետներ նկատեցին, որ սիրիահայերի ճակատագրի նկատմամբ հետաքրքրություն ունի Թուրքական իշխանությունը: Մասնակիցները Հ. Դեմոյանին առաջարկեցին ստեղծել նաև ՀՀ-ում գործող հայագիտական կառույցների ղեկավարների խորհուրդ, որպեսզի պարզ լինի, թե ով ինչպիսի քայլեր է ձեռնարկում, և 100-ամյակին ընդառաջ հնարավոր լինի ռեսուրսներն արդյունավետ օգտագործել և նախանշել հետագա քայլերը:
|