«Հայկական անդրսահմանային տարածականությունը և արդի հաղորդակցական միջոցները» թեմայով գիտաժողովի շրջանակում 2013 թ. մայիսի 15-17-ը լինելով Լիբանանում` ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը այցելել են նաև Բեյրութի երկու հայական դպրոցներ` Համազգայինի Մելանկտոն և Հայկ Արսլանեան ճեմարան և Լևոն և Սոֆիա Հակոբյան հայկական քոլեջ: Տնօրեններ Վիգեն Ավագյանի և Տիգրան Ճինպաշյանի հետ քննարկվել է դպրոցների խնդիրները` մասնավորապես հայագիտական առարկաների դասավանդման և ուսումնամեթոդական գրականության հարցերը: «Հայոց պատմությունը մեծ մասամբ դասավանդվում է նախորդ դարի երկրորդ կեսին տպագրված գրքերով, որոնք, միանշանակ, շտկումների և հավելումների կարիք ունեն: Անհրաժեշտ է մեր օժանդակությունը արևմտահայերեն պատմության դասագրքերի խնդիրը լուծելու համար: Այս հարցը նույնքան հրատապ է, որքան հայոց լեզվի և գրականության դասագրքրերի դեպքում »,- ասաց Մհեր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, այդ դասագրքերը ինչ-որ չափով պետք է «ճկուն» լինեն, քանի որ Լիբանանի հայկական դպրոցներում տարբեր ժամաքանակով է դասավանդվում հայոց պատմություն առարկան: Այդ դասագրքերը մյուս կողմից պետք է հասու լինեն լիբանանահայ աշակերտներին: Թեմայի շուրջ նաև հանդիպում է եղել Լիբանանում գործող «Վահե Սեթեյան» տպարանի տնօրեն Հակոբ Հավաթյանի հետ: Տնօրենը նշել է, որ Հայաստանում գրքերը կազմելու դեպքում իրենք պատրաստ կլինեն դրանք տպագրել: Հովհաննիսյանը հավելեց, որ ուսումնասիրելու և անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու համար իր հետ բերել է վերոհիշյալ դպրոցների 1-11-րդ դասարաններում դասավանդվող Հայոց պատմության դասագրքերը:
Վերադառնալ