ՍԻՄՈՆՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՌՈՒԲԵՆԻ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Պատմական գիտությունների դոկտոր
պրոֆեսոր
Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 9-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտել է 1952թ.: Նույն թվականին աշխատանքի է անցել «Խորհրդային Հայաստան» թերթում որպես գրական աշխատող, այնուհետև` գործուղվել է Գորիս որպես շրջանային թերթի պատասխանատու քարտուղար: 1953 թվականին աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմում նախ` որպես հրահանգիչ, ապա` բաժնի վարիչ, իսկ 1957-1959թթ.` գաղափարական գծով քարտուղար: 1959-1962թթ. Հ. Սիմոնյանը սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայում: 1962թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և այնտեղ հրատարակել իր առաջին գիտական մենագրությւնը:
1962-1966թթ. եղել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1966-1977թթ.` ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար, ապա բաժնի վարիչի առաջին տեղակալ, 1977-1990թթ.` նշված ինստիտուտի տնօրեն, 1990-1991թթ.` ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1991-1994թթ.` սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ:
1969թ. Հ. Սիմոնյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1971թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1964-ից նա դասավանդել է ԵՊՀ-ում և Հանրապետության այլ բուհերում:
1986թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
1994-2007թթ. նա ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական էր, միաժամանակ 1999- 2003թթ.` ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, 2004-ից` նույն ամբիոնի պրոֆեսոր : Տարբեր տարիների եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:
Հ. Սիմոնյանը հեղինակ է ավելի քան 20 մենագրություն և շուրջ 400 գիտական հոդվածների: Առանձնապես կարևոր են «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» (Եր.,1968), «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը» (Եր., 1980), «Գիտատեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական հետևանքները» (Եր., 1982), «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (Եր.,1991), «Անդրանիկի ժամանակը» (հ. I, հ. II, Եր., 1996) մենագրությունները, «Ազատագրական պայքարի ուղիներում» բազմահատոր ուսումնասիրության առաջին հինգ գրքերը (Եր., 2003, 2009,2010,2013): Կիլիկիայի հայերի 1909թ. ջարդերի 100-ամյակի առթիվ հրատարակվել է նրա «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ)» (Եր., 2009) աշխատությունը, որը 2012թ. հրատարակվել է նաև անգլերեն լեզվով «The destruction of Armenians in Cilicia, April 1909» (Gomidas Institute,London,2012):
Հ. Սիմոնյանի մի քանի աշխատություններ լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Իրանում, Հունաստանում, Ճապոնիայում:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական բազմաթիվ ատենախոսություններ:
Զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Բաքվում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր:
Հ. Սիմոնյանը եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ներման հանձնաժողովի նախագահ, շրջանային և քաղաքային խորհուրդների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
1977-1990թթ. նա ղեկավարել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը:
2008-2012թթ. ղեկավարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը: