ՕՊԵՐԱ (իտալ. բառացի՝ երկ), երաժշտադրամատիկական արվեստի ժանր: Որպես ինքնուրույն ժանր Օպերան ձևավորվել է XVI—XVII դդ. սահմանագծին, Իտալիայում: 1868-ին Կ. Պոլսում Տ. Չուխաճյանը ստեղծել է հայկական ազգայինդասական առաջին՝ «Արշակ Բ» օպերան, 1870-ական թթ.՝նաև մի շարք օպերետներ և կոմիկական Օպերաներ: Օպերային ժանրի նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Կոմիտասը: Գեղջկական թեման և ժողովրդական երգայնությունն են ընկած Ք. Կարա-Մուրզայի «Շուշան» Օպերայի (անավարտ) հիմքում: 1912-ին Ալեքսանդրապոլում ներկայացվել է Ա. Տիգրանյանի «Անուշ» (ըստ Հ. Թումանյանի) օպերան: XX դ. սկզբին օպերային ստեղծագործության բնագավառում աշխատել են նաև Վ. Սարգսյանը («Անուշ»), Ե. Բաղդասարյանը («Անուշ», «Արտավազդ Բ»), Ս. Դեմուրյանը («Հարեմ») և ուր.: Գրվել և Երևանի, Թիֆլիսի, Բաքվի դպրոցներում կատարվել են Ա. Մանուկյանի «Չարի վերջը», Մ. Միրզայանի «Ճպուռն ու մրջյունը», Ե. Բաղդասարյանի «Անտառի մանուկ», Ա. Մայիլյանի «Չարաճճի Միկիչը», «Գյուլնազ տատի հեքիաթը» և այլ մանկական Օպերաներ: 1920-ական թթ. ստեղծվել են հայկական նոր օպերաներ՝ Ա. Տեր-Ղևոնդյանի «Սեդա» (1921), Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» (1928), ինչպես և մանկ.՝ Կ. Զաքարանի «Գառնիկ ախպեր» (1924), Մ. Մազմանյանի «Ճուտիկ» (1926): Տե՛ս ավելին: