Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> Կառուցուածք >> Հայ-քրդական առնչութիւնների բաժին

Հայ-քրդական առնչութիւնները հայագիտական հետազօտութիւնների կարեւորագոյն ուղղութիւնների շարքում են: Յիշեալ իրողութեամբ է պայմանաւորուած ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի շրջանակներում Հայ-քրդական առնչութիւնների բաժնի ստեղծումը: Հայ-քրդական յարաբերութիւնների համատեքստում կարեւորագոյն մի շարք ուղղութիւններ մինչ օրս լիովին անտեսուած են եղել:  Թէեւ հայ-քրդական առնչութիւններ ընդգրկում են պատմական, քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական, կրօնական, մշակութային, ժողովրդագրական ու սոցիոլոգիական լայն շրջանակներ, հայ պատմագրութեան մէջ գերազանցապէս դիտարկուել է հայ-քրդական յարաբերութիւնների պատմութիւնը: Բացի այդ, հայ պատմագրութիւնն ու հասարակութիւնը դեռ լիովին ձերբազատուած չեն քրդերի ու քրդական խնդրի վերաբերեալ  նախկինում ունեցած աւանդական  որոշ կարծրատիպերից: Խնդիրը խորութեամբ ուսումնասիրուած չէ տարածաշրջանային գործընթացների եւ անվտանգութեան համատեքստում, հետեւաբար կարիք ունի բազմակողմանի մօտեցումների` հաշուի առնելով զոյգ հայկական պետութիւնների (ՀՀ եւ ԼՂՀ) առկայութիւնը, Հիւսիսային Իրաքում քրդական ինքնավարութեան կայացումը, քրդական զարգացումները տարածաշրջանում եւ Իրաքեան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարութիւն (ԻՔՏԿ) - Հարաւային Կովկասի պետութիւններ յարաբերութիւնների զարգացման մոդելների մշակման հեռանկարը:

ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի Հայ-քրդական առնչութիւնների բաժնի նպատակներն են. 
Ներկայացնել հայ-քրդական  առնչութիւններն ու  յարաբերությունները` պատմական, քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական, կրօնական, մշակութային, ժողովրդագրական ու սոցիոլոգիական լայն շրջանակների համատեքստում:
Համեմատական հետազօտման համատեքստում վերլուծել հայկական հարցի եւ քրդական խնդրի միջազգայնացման պատճառներն ու փուլերը:
Դիտարկել «Հայկական հարց»-«քրդական գործօն» եւ «քրդական հարց» - «հայկական գործօն» իրողութիւնները, հետազօտելով նաեւ հայ եւ քուրդ ժողովուրդների ազատագրական պայքարի հիմնախնդիրները:
Ուսումնասիրել հայ-քրդական յարաբերութիւններին ու շփումներին առնչուող բազմալեզու աղբիւրներն ու մասնագիտական գրականութիւնը:
Ներկայացնել Հայաստանի իշխանութիւնների դերն ու հայ մտաւորականութեան աւանդը քրդական մշակոյթի ու պատմութեան ուսումնասիրութեան գործում: 
Դիտարկել Իրաքեան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարութեան (ԻՔՏԿ) ձեռքբերումներն ու ձախողումները` տարածաշրջանային զարգացումների համատեքստում, ԻՔՏԿ-ի եւ տարածաշրջանային տերութիւնների (այդ թւում Հարաւային Կովկասի հանրապետութիւնների) միջեւ առկայ փոխյարաբերութիւնները եւ ընդհանրապէս տարածաշրջանում քրդական գործոնի ակտիւացման պատճառները: 
Տարածաշրջանային զարգացումների լոյսի ներքոյ հանգամանալից վերլուծել եւ ամբողջական կառոյցի տեսքով ներկայացնել հայ-քրդական յարաբերութիւնների նշանակությունը եւ դրանցում առկայ խնդիրները:
ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի Հայ-քրդական առնչութիւնների բաժինը մտադիր է հրատարակել վերոյիշեալ դաշտը ներառող հետազօտական մի շարք աշխատութիւններ: Ընդ որում, քննական վերլուծութեան արդիւնքում կներկայացուեն ոչ միայն նոր մօտեցումներ, այլեւ թարգմանաբար կներկայացուեն ու կտեղայնացուեն խնդրին առնչուող անւանի քրդագէտների այն եզրահանգումներն ու տեսակէտները, որոնք հիմնականում անտեսուած են հայալեզու աղբիւրներում:  Աւելին, կներկայացուեն քրդագիտութեանն առնչուող հայալեզու արժէքաւոր աղբիւրներն ու մասնագիտական գրականութիւնը:
Բաժնի աշխատակիցների լեզուական բազան բազմազան է եւ փոխլրացնող, ստեղծուած հետազօտական խմբում ընդգրկուել են հայերէն, քրդերէն, պարսկերէն, ռուսերէն, թուրքերէն, անգլերէն, եւ մի շարք այլ լեզուների տիրապետող մասնագէտներ: 
Բաժնի հետազօտութիւններն ու հրապարակումները կունենան ոչ միայն տեսական, այլեւ կիրառական մեծ նշանակութիւն: 

 
Բաժնի վարիչն է պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսեանը