Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «Հայոց պատմության հիմնահարցեր» հեռաուսուցման առաջին ծրագիրը մոտեցավ իր ավարտին: Հուլիսի 11-ին Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության «Լևոն Շանթ» կենտրոնում տեղի ունեցավ ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության անունից Սարգիս Կիրակոսյանը ողջունեց ներկաներին. «Համազգայինը եղաւ այն առաջին կառոյցներէն մէկը, որ Հայաստանի անկախացումէն ի վեր գործնապէս բովանդակութիւն եւ իմաստ տուաւ սփիւռք – Հայաստան գործակցութեան` զայն դուրս բերելով լոզունգային մակարդակէն… Այսօր, նոր էջ մը կը բանանք մշակութային մարզին մէջ, երբ չորս-հինգ ամիս առաջ Երեւանի պետական համալսարանի ներկայացուցիչ` դոկտ. Մհեր Յովհաննիսեանի հետ որոշուեցաւ ձեռնարկել հեռաուսուցման ծրագիրին»: Իր հերթին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար Վարդան Ադամյանը իր սրտի խոսքը փոխանցեց Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանին` շեշտելով այս համայնքի հայապահպանման մարդուժի պատրաստության խիստ կարիքը: ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը հաստատեց, որ լիբանանահայ համայնքում այսուհետ առկա է Երևանի պետական համալսարանի ներկայությունը` հատուկ շնորհակալություն հայտնելով ծրագրի հաջողությանը նպաստողներին և շնորհավորելով շրջանավարտներին: Ընդհանուր առմամբ, հեռաուսուցման ծրագրի շրջանակում կրթություն է ստացել 18 ուսանող: Ավարտին Հայաստանի Հանրապետության դեսպանատան անունից Վարդան Ադամյանը և Երևանի պետական համալսարանի անունից Մհեր Հովհաննիսյանը հանձնեցին վկայականներ հետևյալ ներկա ուսանողներին` Մարի Գասպարեան, Հուրի Եափուճեան, Սեւան Դանիէլեան-Մկրեան, Մարիա Նաճարեան-Ինճէեան, Կիրօ Գարավարդանեան, Թամար Եալմանեան, Ժան Ֆարես Փիլիպոս, Գէորգ Յակոբճեան, Լալէ Բագրատունեան, Սոնա Թիթիզեան, Մարալ Եահնիեան, Անի Պիլալեան, Վարդենի Էթոյեան: |