Հարցազրույց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի հետ:
1. Պրն. Մինասյան, 23 տարի է անցել Սումգայիթյան ջարդերից, սակայն պատմական այդ դեպքերի հետ կապված շատ անպատասխան հարցեր կան: Անդրադառնանք 1988թ.-ի փետրվարյան այդ օրերին:
Է.Մ. - 1988 թ. փետրվարի 27-ին, ի պատասխան ԼՂԻՄ օրինական ինքնորոշման իրավունքի, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով խառնիճաղանջ իրավիճակից, իրականացրեցին իրենց բարբարոսական ծրագիրը: Այն, որ դա իսկապես նախապես պաշտոնական անձանց հատուկ ցուցումներով ծրագրված էր, ապացուցում են շատ փաստեր: Հիշենք, թե ինչ պատասխանեց Գորբաչովը հայ գրողներին` Սիլվա Կապուտիկյանին, Զորի Բալայանին, երբ նրանք դիմել էին վերջինիս ԼՂ ինքնորոշման հարցով: Գորբաչովը ասել էր, թե արդյոք չեն վախենում Բաքվի 270.000-անոց հայկական համայնքի համար: Ջարդերը տեղի ունեցան փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: Պաշտոնական տվյալներով այդ ընթացքում 32 զոհ է եղել, սակայն դիարաններում 100-ից ավելի զոհվածներ են հայտնաբերվել:: Խորհրդային դատարանը միայն 1 հոգու դատապարտեց, իսկ իրական կազմից` սկսած կենտկոմի քարտուղարից, քաղաքապետից, պաշտոնական անձանցից, ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց: 94 քրեական գործերից միայն 30 գործ կազմվեց, և միայն մեկ հոգի մահվան դատապարտվեց: ԽՍՀՄ զինված ուժերի ստորաբաժանումները 3 օր ուշացումով մտավ քաղաք: Սումգայիթը արդյունաբերական քաղաք էր, որտեղ հայերը մեծ կշիռ ունեին: Ջարդերը, որոնք իրականացվեցին հայերին վախեցնելու և իրենց օրինական պահանջից հրաժարվել ստիպելու նպատակով, նախադեպ ստեղծեցին հետագայում Բաքվի, Կիրովաբադի հայերի ջարդերի համար:
2.Սումգայիթյան ջարդերը համապատասխանում են արդյոք 1948թ.-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած << Ցեղասպանության հանացագործության կանխման և դրա համար պատժի մասին>> կոնվենցիայի կետերին:
Է.Մ. - Կոնվենցիայում ուղղակիորեն ընդգծված է էթնիկական զտման, հատուկ էթնիկ խմբերի ապրելու պայմաններից զրկելու փաստը: Ազգային պատկանելության համար դատապարտելու ցանկացած փաստը որակվում է` իբրև ցեղասպանություն: Պարզ է, որ Սումգայիթյան ջարդերը բոլոր կետերով համապատասխանում են ցեղասպանություն կոչված երևույթին:
3.Մինչև հիմա միջազգային ատյաններում ի՞նչ քայլեր ենք ձեռնարկվել Սումգայիթյան ջարդերի ճանաչման ուղղությամբ:
Է.Մ. - Անհրաժեշտ է քաղաքական-իրավական գնահատական տալ այս ջարդերին, հարցը բարձրացնել համապատասխան միջազգային ատյաններում և հետամուտ լինել դրա վերջնական լուծմանը: Կարելի է Սումգայիթյան ջարդերը, որպես քրեորեն պատժելի արարքներ, միասնության մեջ դիտել Բաքվի ջարդերի հետ և դիմել Հաագայի միջազգային դատարան: Ոմն <<Ախմեդովի>> դատապարտելով հարցին լուծում չի տրվում: Զուգահեռներ տանելով հայոց ցեղասպանության հետ` հիշենք, որ մինչև 1973թ.-ը թուրքերը Քեմալի, Էնվերի և հայերի ոչնչացման ծրագրի մյուս ղեկավարների ընտանիքներին դրամական պարգևներ էին տալիս: Սա ևս անպատժելիության հետևանք էր: Ես համոզված եմ, որ այսօր Ադրբեջանի պատերազմական սպառնալիքները գալիս են հենց անպատժելիությունից:
4.Ինչու՞ մենք ավելի ակտիվ քայլեր չենք ձեռնարկում այս ուղղությամբ:
Է.Մ. - Մենք ունենք համապատասխան մասնագետներ` միջազգայնագետներ, պատմաբաններ, իրավաբաններ, բայց հարկավոր է ակտիվություն: Կարծում եմ` այս գործի մեջ կարելի է ընդգրկել նաև օտարերկրյա մասնագետների և գործնական քայլեր ձեռնարկել, ինչպես արվում է հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ: |