Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

  

 

 Ս.թ. ապրիլի 3-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործոնը մերձավորարևելյան զարգացումների համատեքստում» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկում: Բանախոսներն էին Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր, քաղաքագետ Շահան Գանդահարյանը, ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը, «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա» ՀԿ անդամ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը: Քննարկումը վարեց ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը:

 Նախ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին և կարևորեց հիշյալ խնդրի համատեղ քննարկումը՝ նշելով քաղաքական իրադարձություններին ճիշտ գնահատական տալու անհրաժեշտությունը:

 Առաջինը խնդրին անդրադարձավ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր, քաղաքագետ Շահան Գանդահարյանը, ով նաև Լիբանանում Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող հանձնախմբի փոխատենապետն է: Նա հակիրճ ներկայացրեց Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացված ու իրականացվելիք միջոցառումները՝ այնուհետև անդրադարձավ խնդրի շրջանակներում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Շ. Գանդահարյանը նշեց, որ արդեն 4 տարի է՝ Լիբանանում գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի աշխատանքները համակարգող խորհուրդ, որում ներկայացված են համայնքի գլխավոր շրջանակները՝ հայ ազգային կուսակցություններ, քաղաքային, մարզային, համայնքային միություններ: Այնտեղ տեղի է ունեցել շուրջ 25 միջոցառում,  քաղաքական հանդիպում, քննարկում, նաև Հայաստանում Հայոց ցեղասպանության 100-ամյակը համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության հետ սերտ համագործակցություն: Գանդահարյանը նշեց թիրախային 3 ուղղվածություն այս միջոցառումների կազմակերպման  գործում: Առաջին ամենակարևոր գործոնը, նրա խոսքով, Սփյուռքում ներազգային ճակատի կարևորությունն է և ակտիվությունը: Ըստ նրա՝ հատկապես նոր սերնդի քաղաքական գիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկվեն, ինչպես նաև՝ ցեղասպանությանն առնչվող  խնդիրների, թուրքական գործոնի ելևէջների, քաղաքական իրադարձությունների  առավել ճիշտ լուսաբանման և պատրաստվածության հարցում:  

 Երկրորդ քայլը Լիբանանի պետական, քաղաքական մակարդակներում և հասարակական շրջանակներում Հայոց ցեղասպանության խնդրի ներկայացումն է և ճշգրիտ մատուցումը: Նա նշեց, որ քաղաքական դաշտում խնդրի մատուցման  խճանկարը բազմաշերտ է, ինչը պայմանավորված է Լիբանանում կրոնական բազմաշերտ ուղղվածությամբ: Երրորդ թիրախային կետը դիվանագիտական ներկայացուցչական շրջանակներն են, և վերջիններիս կատարած աշխատանքը: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել  ինչպես տարբեր երկրների, այնպես էլ ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքին: Կարևորվեց Լիբանանում գործող օտարերկրյա դիվանագիտական կառույցների հետ համագործակցության և տեղեկացվածության խնդիրը: Շահան Գանդահարյանը խոսեց նաև Լիբանանում  թուրքական գործոնի աշխուժացման և կտրուկ նահանջի պատճառների մասին: Ըստ նրա՝ դա պայմանավորված է վերջին տարիներին Թուրքիայի կողմից իրականացվող հակաիսրայելական ցուցադրական  դրսևորումներով: Ըստ բանախոսի այդ քայլով Անկարային հաջողվեց շահել արաբական աշխարհում որոշակի չափով համակրանք: Սակայն համակրանքը փոխվեց կտրուկ հակակրանքի սիրիական պատերազմի սկսելուց ի վեր, մյուս կողմից տարածաշրջանում կտրուկ փոխվեցին Թուրքիայի շահերը:

 Հաջորդ բանախոսը՝ «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա» ՀԿ անդամ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, անդրադարձավ Իսլամական պետության կազմավորմանը և Թուրքիայի հետ այդ խմբավորման համագործակցությանը: Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցել է Իսլամական պետությանը, որպեսզի տարածաշրջանում հետագայում կարողանա իրագործել իր ապաքրիստոնեացման գործընթացը, ավարտին հասցնել տարածաշրջանում քրիստոնեական արժեքների վերացման իր լայնամասշտաբ գործունեությունը: Մանասյանը նշեց, որ  Թուրքիայի այս քայլը հեռահար նպատակ ունի. այն է՝ հետագայում տարածաշրջանում պատմական հավակնություններ ձեռք բերելը:

 Հայոց ցեղասպանության համատեքստում հայ-քրդական համագործակցության և առհասարակ քրդական գործոնի մասին խոսեց ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը: Նա անդրադարձավ քրդական աշխարհի ձևավորման և զարգացման գործընթացին՝ նշելով  քրդական գործոնի ակտիվացման 3 փուլ: Առաջինը 1991 թվականից հետո ընկած հակաիրաքյան պատերազմի ժամանակաշրջանն է, երկրորդը՝ իրաքյան Քուրդիստանում քրդական ինքնավարության ստեղծումը 1992 թ.-ին, այնուհետև՝ հակաիրաքյան ևս մեկ պատերազմ 2003 թ., երբ արդեն իրաքյան Քուրդիստանը դե յուրե դառնում է դաշնային միավոր, և երրորդը սիրիրական զարգացումներն են, որոնք բերեցին նոր երանգ այս հարթությունում: Խոսվեց հայ-քրդական հարաբերությունների զարգացման և սերտ համագործակցության խորացման հետագա քայլերի մասին:

 «Նախ պետք է քրդերի հանդեպ մեր դիրքորոշումը հստակեցնենք և հասկանանք, թե ինչ սպասելիքներ ունենք նրանցից: Իհարկե, իրատեսական չէր լինի թուրքերի կողից ցեղասպանության ենթարկված և հայերի կոտորածների իրականացմանը մասնակցած քրդերից ինչ-որ լուրջ քայլեր սպասել, սակայն մի բան պետք է հստակ գիտակցենք, որ ցեղասպանության ճանաչումն էլ իր բազմաշերտ երանգներն ունի»,-նշեց Վահրամ Պետրոսյանը:

  Հանդիպման վերջում բանախոսների և ներկաների միջև ծավալվեց ակտիվ քննարկում:


Վերադառնալ