Մեր պատմական հայրենիքի տարածքում պահպանված հայկական էթնիկ մշակութային ժառանգության մնացորդները վերհանելու, հետազոտելու և ներկայացնելու նպատակով «Երկիր» միության նախաձեռնությամբ 2010 թվականի նոյեմբերին վաստակաշատ երաժիշտ, բլուլահար Նորայր Քարտաշյանի ղեկավարությամբ ձևավորվեց հայկական ավանդական նվագարանների և երաժշտական ժառանգության պահպանման, ուսումնասիրման և տարածման «Նորայր Քարտաշյան և ՎԱՆ նախագիծ» երաժիշտների խումբը: Խումբը միավորում է երիտասարդ երաժիշտների, որոնք վարպետանում են հայկական ավանդական նվագարանների, երգ երաժշտության ուսումնասիրության և կատարման մեջ. պրոֆեսիոնալների ներկայացմամբ հնչեցվում է ֆոլկլորային երաժշտություն: Խմբում նվագում են ինչպես արդի գործածության մեջ գտնվող (թառ, քամանչա, շվի, դուդուկ, բլուլ, պկու, զուռնա, ուդ, քանոն, դափ, դհոլ, կոպալ դհոլ), այնպես էլ մոռացության մատնված և այժմ խմբի կողմից վերականգնված և ձեռք բերված (հայկական երկփողանի պարկապզուկ, համշենական պարկապզուկ) հայկական ավանդական նվագարաններ: Խմբի երգացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական ստեղծագործություններ («Համշենաշարան», «Մալաթիա», «Անի», Մուշի, Սասունի երգեր ու մեղեդիներ, և այլն), որոնք ունեն ժամանակակից մշակումներ և գործիքավորում, ինչը դրանք ավելի ընկալելի ու ընդունելի է դարձնում երիտասարդության շրջանակներում: 2009 թվականին թողարկվել է «Ծառաստան» ձայնասկավառակը՝ որպես մանկությունից հաճախ լսվող ձայն, որն անկեղծությամբ փոխանցվում է մարդկանց հաղորդագրության տեսքով, որ սա է Հայաստանը՝ մեր երկիրը: Նորայր Քարտաշյանը հիշում է. «մանկությանս հուշերում կա ﬕ անտառ՝ ﬕ ծառաստան, որտեղ ծառերը շատ հին են և հաստաբուն՝ աﬔն ﬔկը նման դարերի խորքից եկող ﬕ Գերդաստանի, որը բերում է նախնյաց հոտն ու կարոտը»։ Չէ՞ որ մենք ﬕ օղակ ենք անցյալի և ապագայի ﬕջև, որը փոխանցում է անցյալի երգը ապագային. ահա և կյանքի իրական իմաստն ու առաքելությունը։ 2010-15 թթ. ընթացքում խումբը պատմական հայրենիքի մի շարք քաղաքներում (Արաբկիր, Մալաթիա, Խարբերդ, Դերսիմ, Դիարբեքիր, Վան) և Համշենում բազմաթիվ միջոցառումներ է իրականացրել (Էթնոերաժշտական ուսումնասիրություններ, փոխադարձ վարպետության դասընթացներ): Մասնակցել է Արգուվանի (Մալաթիա) և Մնձուրի (Դերսիմ) փառատոններին: Հայ և օտարազգի հանդիսատեսի առջև համերգային ծրագրերով հանդես է եկել Երևանում, ինչպես նաև Ստամբուլում, Դիարբեքիրում և Վանում: «Նորայր Քարտաշյան և ՎԱՆ նախագիծ» խումբը, «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով, Ստամբուլում մասնակցել է «Հրանտ Դինք» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության հանդիսությանը: |