Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում (ՀՀԻ) հոկտեմբերի 28-ին Ռյազանի պետական համալսարանի Պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.դ, պրոֆեսոր Անդրեյ Մինաևը և նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության ու միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ պ.գ. դ., պրոֆեսոր Յուրի Լոսևը քննարկեցին ԵՊՀ-ի և ՌՊՀ-ի միջև առաջիկա և հետագա համագործակցության ծրագրերը: ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը հյուրերին ծանոթացրեց ինստիտուտի տարբեր բաժինների կողմից տարվող գիտական և հետազոտական աշխատանքներին, նրանց գործունեությանը: Քննարկման ընթացքում անդրադարձավ Ռյազանի Ս. Եսենինի անվան պետական համալսարանի ռեկտոր Ալեկսեյ Զիմինի՝ ավելի վաղ ԵՊՀ կատարած այցին: Հովհաննիսյանի խոսքով՝ նախօրոք արդեն ռեկտորի հետ եղել է քննարկում առաջիկա համագործակցության մասին, կա նախնական պայմանավորվածություններ կրթական տարբեր ծրագրերում համատեղ աշխատելու, փորձի փոխանակման համար, և այս այցը այդ հանդիպման շարունակությունն է: «Մենք հույս ունենք, որ գործընկերների այցն ավելի կարագացնի ԵՊՀ-ի և Ռյազանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև համագործակցության հետ կապված խնդիրների լուծումը: Կան կրթության և գիտության հումանիտար ոլորտի հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք լուրջ քննարկման կարիք ունեն: Այսօր այս քննարկաման և տարբեր հանդիպումների արդյունքում կփորձենք համատեղ լուծման ուղիներ գտնել»,-ընդգծեց Մ. Հովհաննիսյանը: Նշենք, որ նախնական համագործակցության արդյունքում 2016թ.-ից Ռյազանի պետական համալսարանում կուսուցանվի հայերեն լեզու որպես լրացուցից առարկա: Այնուհետև Հովհաննիսյանն առաձնացրեց քննարկաման ենթակա մի քանի կարևոր կետեր. դրանք են Ռյազանի պետական համալսարանում Հայագիտական կենտրոնի կամ լաբորատորիայի բացմանն առնչվող խնդիրները, ԵՊՀ ուսանողներին ոչ միայն Ռյազանի պետական համալսարանում, այլև Ռուսաստանի Դաշնության մի շարք պետական ուսումնական հաստատություններում հատկապես պատմության և միջազգային հարաբերությունների գծով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի անվճար ուսուցման հնարավորության ընձեռնումը: Քննարկվեց հնարավորության դեպքում Ռյազանի պետական համալսարանում հայոց պատմության հեռակա ուսուցման հարցը, ինչպես նաև՝ համատեղ դրամաշնորհային ծրագրերի նախապատրաստումը և իրականացումը: Այնուհետև Պատմության և միջազգային հարաբերությունների ֆալուլտետի դեկան, պ.գ.դ, պրոֆեսոր Անդրեյ Մինաևը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը հանդիպումը կազմակերպելու և համագործակցությանը պատրաստակամությունը հայնտնելու համար: Մինաևի խոսքով Մայր բուհը, լինելով Հայստանի առաջատար և գլխավոր բուհերից մեկը, համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում համատեղ ուսումնական ծրագրերի, նոր կադրերի, նոր մասնագիտական որակների ստեղծման տեսանկյունից: Նա ներկայացրեց Պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսումնամեթոդական գործունեությունը, առաքելությունը, ձեռքբերումնները և վստահեցրեց, որ նմանատիպ համագործակցությունը կարող է լավ հեռանկարներ ստեղծել երկկողմ մասնագիտական բարձր որակավորում ստանալու հարցում: Մինաևի խոսքով՝ հատկապես ոգևորող է Ռյազանի պետական համալսարանում հայոց պատմության հեռաուսուցման ծրագրի իրականացումը, ինչպես նաև՝ հայ-ռուսական կենտրոնի բացման գաղափարը: Նաև քննարկվեց առաջիկայում հնագիտության ոլորտում հայ և ռուս հետազոտողների, հնագետների համագործակցության հարցը: Համաշխարհային պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Լոսևն իր հերթին ներկայացրեց ամբիոնի գործունեությունը, ողջունեց համագործակցության գաղափարը և դրա կյանքի կոչմանն ուղղված քայլերը: «Ռյազանում ունենալով հայկական մեծ համայնք՝ հայոց պատմության դասավադումը, հայոց լեզվի ուսուցումը և հայ-ռուսական կենտրոնի բացումը էլ ավելի կամրապնդի հայ-ռուսական բարեկամական կապերը»,-նշեց Յուրի Լոսևը: Նա վստահաբար հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կտա իր լավագույն արդյունքը: Հավելենք նաև, որ Ռյազանի պետական համալսարանի ներկայացուցիչները 2 օր դասախոսություններով հանդես կգան ԵՊՀ Պատմության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում:
|