Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարուեան եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնութեամբ սոյն թուականի Յուլիսի 4-ից ԵՊՀ մեծ դահլիճում մեկնարկեց հինգերորդ «Սփիւռք» ամառային դպրոցը: Այս տարի դպրոցի շրջանակներում կը գործեն հինգ թեմատիկ ուղղութիւններ՝ «Լրագրողների վերապատրաստում», «Հայոց լեզուի արագացուած ուսուցում», «Հայոց լեզուի եւ պատմութեան, կրթական վերապատրաստում», «Երիտաասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչներ», «Ազգային երգի եւ պարի վարպետութիւն»: Նշենք, որ այս տարի դպրոցին մասնակցում են 25 երկրներից շուրջ 140 մասնակիցներ: Մասնակիցները բացի տեսական եւ գործնական դասերից կ'ունենան նաեւ մի շարք մշակութային միջոցառումներ, այցելութիւններ ՀՀ տարբեր տեսարժան վայրեր, թանգարաններ: Նախատեսուած է հանդիպումների շարք ՀՀ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգեւոր այրերի հետ: Յուլիսի 6-ին կայացած բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, դասընթացի կազմակերպիչներ, դասախօսներ եւ այլք: Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար Հ. Յակոբեանը: Ողջունելով ներկաներին, ծրագրի մասնակիցներին, կազմակերպիչներին, դասախօսական կազմին՝ նախարարը նախ շնորհաւորեց «Սփիւռք» ամառային դպրոցի 5-րդ յոբելեանական տարին՝ նշելով. «Անչափ հպարտ եմ եւ ուրախ, որ յատկապէս Հայաստանի եւ Արցախի անկախութեան 25-րդ յոբելեանական տարում մենք նորից պատիւ ունենք հիւրընկալելու մեր հայրենակիցներին: Շնորհակալ եմ Սփիւռքի տարբեր համայնքներից եկած մեր մասնակիցներին, ովքեր, կարեւորելով կրթութիւնը, նոր գիտելիք ստանալու համար եկել են Հայաստան, եկել են նոր գիտելիքով վերազինուելու՝ մատաղ սերնդին փոխանցելու համար: Դուք մեր 5-ամեայ դպրոցի կենսագրութեան մի մասն էք կազմում: Դուք ձեր ներկայութեամբ հարստացնում եւ հիւսում էք նրա կենսագրութիւնը: Շնորհաւորում եմ բոլորիս եւ մաղթում երկար տարիների մեծ ու բեղուն աշխատանքային ճանաչողական տարիներ: Ուզում եմ, որ բոլորս աշխատենք եւ սովորենք մեծ նուիրումով»,- նշեց Հ. Յակոբեանը: Նախարարը նաեւ իր երախտիքի խօսքը յղեց համայն Սփիւռքին, որը ապրիլեան ծանր օրերին համախմբուեց, կիսեց բոլորի ապրումները, ցաւը եւ իր ուժերի ներածին չափով թիկունք կանգնեց Արցախին, հայոց բանակին: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը: Նա իր երախտիքի խօսքը յայտնեց ե՛ւ նախարարութեանը, ե՛ւ ԵՊՀ-ին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Սփիւռքի հայութեան մօտ հայապահպանութեան, մայրենի լեզուի անաղարտ պահելու գործում աջակցելու համար: Շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներից, ովքեր մեծ ոգեւորութեամբ են մասնակցում այս ծրագրին՝ փորձելով ստացուած գիտելիքները տանել իրենց երկրների հայկական համայնքներ: «Ինձ համար այս նախաձեռնութիւնը կարեւոր է նրանով, որ իւրաքանչիւր տարի ամռանը հայրենիք–Սփիւռք կապերի էլ աւելի ամրապնդման առիթ ենք ունենում. Ստեղծւում են պայմաններ տարբեր երկրների հայ երիտասարդութեան ակտիւ շփումների, յետագայ համագործակցութեան համար: Ի վերջոյ, բոլորս էլ գիտենք, որ Սփիւռքը ձևաւորուել եւ պահպանւում է 3 կարեւոր հիմքերի վրայ՝ դպրոց, համայնք եւ եկեղեցի: Այս ծրագիրը հնարաւորութիւն է տալիս մեզ աւելի մօտիկից հասկանալ իւրաքանչիւր համայնքի իւրայատկութիւնները, խնդիրները, մտաւոր ներուժը եւ այս ճանապարհով փորձում ենք գնահատել նրանց գործունէութիւնը»,- նշեց Մկրտչեանը: Լեւոն Մկրտչեանը նաեւ շեշտեց եւս մէկ կարեւոր հանգամանք. տարեց տարի աւելի է ակտիւանում հայկական համայնքը նման ծրագրերի մասնակցելու առումով: Ըստ նրա՝ 2016 թ. վերապատրաստուելու նպատակով աշխարհի գրեթէ բոլոր երկրներից մեծ թուով ուսուցիչներ են եկել Հայաստան՝ կարեւորելով յատկապէս պոլսահայ համայնքի ակտիւութիւնը: Իր հերթին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը շնորհակալութիւն յայտնեց ՀՀ Սփիւռքի նախարարութեանը՝ «Սփիւռք» ամառային դպրոցը ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացնելու համար: «Երբ 5 տարի առաջ Սփիւռքի նախարարութեան հետ սկսեցին այս ծրագիրը, շատերը թերահաւատօրէն էին մօտենում այս ամէնին: Բայց շնորհիւ մեր բոլորի ջանքերի այսօր այն վստահաբար կայացել է: Դուք տեսնում էք՝ տարեց տարի թէ՛ կազմակերպչական, թէ՛ մասնակիցների քանակի առումով դպրոցը ինչպիսի ակտիւութիւն եւ առաջադիմութիւն է գրանցել»: Պարոն Սիմոնեանը նաեւ անդրադարձաւ Սփիւռքում հայ ինքնութեան պահպանութեան խնդիրներին՝ փաստելով, որ ամառային դպրոցի հետապնդում է հայ ինքնութիւնը ուժեղացնելու նպատակ: Միջոցառման պաշտօնական արարողութեանը յաջորդեց համերգ, որը կազմակերպել էր ԵՊՀ Մշակոյթի կենտրոնը: Ելոյթ ունեցան կենտրոնի սաները, ինչպէս նաեւ Կարին աւանդական երգի-պարի ակումբը՝ Գագիկ Գինոսեանի ղեկավարութեամբ, եւ այլք: |