Սոյն թուականի Սեպտեմբերի 16-ին ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտում տեղի ունեցաւ հանդիպում-քննարկում «Լեփսիուսի տուն» հետազօտական կենտրոնի գիտական ղեկավար, գերմանացի ականաւոր ցեղասպանագէտ Ռոլֆ Հոսֆելդի եւ Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի փոխտնօրէն Մհեր Յովհաննիսեանի միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու հետազօտական կառոյցների միջեւ առաջիկայ համագործակցութեան հեռանկարների, գիտահետազօտական աշխատանքներ կատարելու շուրջ ծաւալուած մի շարք խնդիրներ:
Այնուհետեւ Ռ. Հոսֆելդը ՀՀԻ «Ցեղասպանագիտութիւն» եւ «Հայագիտութիւն» մագիստորոսական ծրագրերի ուսանողների համար կարդաց դասախօսութիւնը, որը ամբողջովին նուիրուած էր «Լեփսիուսի տան» գործունէութեանը:
Նա ներկայացրեց Գերմանիայի Պոտսդամի արուարձանում տեղակայուած Լեփսիուսի տունը: Խօսեց գերմանացի մեծ հումանիստի, փիլիսոփայի հայանպաստ գործունէութեան մասին: Ներկայացրեց 2011-ի Մայիսից ի վեր «Լեփսիուսի տան»՝ իբրեւ «Ցեղասպանութիւնների ուսումնասիրութեան գիտահետազօտական կենտրոն»-ի այս տարիների կատարած գիտական ուսումնասիրութիւնները:
Հոսֆելդի խօսքով՝ Լեփսիուսի կատարած աշխատանքն առաւել գնահատելի է յատկապէս նրանով, որ նա սոսկ ուսումնասիրող չի եղել, այլ հէնց ցեղասպանութեան տարիներին մաքառող մարտիկ, ով Եւրոպայով մէկ թմբկահարում էր հայերի հետ կատարուող դժբախտութիւններն ու օգնութիւն ցուցաբերելու գործնական քայլեր կատարում:
Դասախօսութեան վերջում ուսանողները բանախօսին ուղղեցին տարբեր հարցեր, ներկաների միջեւ ծաւալուեց ակտիւ քննարկում:
Յաւելենք, որ 2015 թ. ԵՊՀ ՀՀԻ-ին ստանձնեց Եոհաննէս Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրէն Ռոլֆ Հոսֆիլդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանութիւն» գրքի թարգմանութեան աշխատանքները:
Վերադառնալ