Ս.թ. Հոկտեմբերին Շուէյցարիայի Ցիւրիխ քաղաքի Լիմաթ հրատարակչութեան կողմից հրատարկուել է հայագէտ բ.գ.թ. Դորա Սաքայեանի «Նրանց քշում են դէպի անապատները. Կլարա եւ Ֆրից Զիգրիստ-Հիլթիները որպէս Հայոց ցեղասպանութեան վկաներ 1915-1918 թթ.» վերնագրով գերմաներէն գիրքը։ Դորա Սաքայեանը վերծանել է գոթական ձեռագրով գրի առնուած հին փաստաթղթերը, մանրակրկիտօրէն մշակել է դրանք եւ եղելութիւնները տեղաւորել իրենց ժամանակի մէջ։ Ի լրացումն այդ ամէնի` Սաքայեանն ընթերցողին պատմում է Հայկ Արամեանի հայերէն գրքից, թէ ինչպէս 1916 թ.-ին Զիգրիստ-Հիլթի զոյգը օգնել է իրենց պահեստապետ Արամեանին` իրականացնելու իր արկածալից փախուստը։ Գրքի հրատարակման կապակցութեամբ Շուէյցարիայի մի քանի գերմանախօս քաղաքներում (Գրաբս, Ցիւրիխ, Սանկտ-Գալեն) մեծ շուքով կազմակերպուել են գրքի շնորհանդէսներ։ Հանդիսութիւններին մասնակցելու համար Երեւանից մասնակցել է Հայաստանում Շուէյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, ներկայ են եղել նաեւ շուէյցարիացի եւ հայ երեւելիներ, ինչպէս նաեւ Զիգրիստ-Հիլթիներ զոյգի յետնորդները։ Հանդիսութիւնների շրջանակներում Դ. Սաքայեանը հարցազրոյցներ է ներկայացրել շուէյցարական հեռուստատեսութեանը, տարբեր օրաթերթերի՝ կարեւորելով գրքի հրատարակութիւնն ու յայտնելով, որ կատարւում է գրքի հայերէն ու անգլերէն թարգմանութիւնները:
|