|
|
Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի Բաբկէն Յարութիւնեանի անուան Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտեզագրութեան լաբորատորիայի գիտահետազօտական աշխատանքների շրջանակներում իրականացուած անգլալեզու «Հայոց ցեղասպանութեան ատլասը»՝ վերջնական քննարկումներից եւ ինստիտուտի ղեկավարութեան հաւանութեանն արժանանալուց յետոյ, արդէն պատրաստ է հրատարակութեան: Նշենք, որ քարտեզի կազմման աշխատանքներն սկսուել են դեռեւս Բ. Յարութիւնեանի կենդանութեան օրօք: Նրա մահից յետոյ լաբորատորիայի աշխատակիցները ձեռնամուխ եղան ատլասը վերջնական տեսքի բերելուն եւ հրատարակելուն:
Ատլասը Հայաստանում առաջինն է իր տեսակի մէջ եւ ներկայացնում է Հայոց ցեղասպանութեան քարտեզագրութիւնը անգլերէնով, որը միտուած է ցեղասպանութեան ամփոփ համայնապատկերը միջազգային պատկան մարմիններին ու թիրախային համայնքներին հասցնելուն: Այն բաղկացած է քարտեզների շարքից՝ տեքստային բացատրութիւններով, պատմական լուսանկարներից, փաստաթղթերի շարքից, անդրադարձ է կատարւում նաեւ մշակութային ցեղասպանութեանը: Ատլասը ներառում է փոխկապակցուած 24 քարտեզների շարք. ներկայացւում են Հայկական լեռնաշխարհից մինչեւ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմ, Հայկական հարցի միջազգայնացումից 1894-1896 թթ. հայերի Համիդեան կոտորածներ, 1909 թ. կիլիկիահայերի կոտորածներից Հայոց Մեծ Եղեռն, ինքնապաշտպանական մարտերից մինչեւ Բաքուի ու Սումգայիթի հայութեան ջարդեր եւ Քեսաբի հայ բնակչութեան տեղահանութիւն:
Յաւելենք, որ աշխատութիւնը պատրաստ կը լինի մէկ ամսից՝ Հայոց ցեղասպանութեան տարելիցին ընդառաջ եւ կը հրատարակուի Ռուսաստանի հայերի միութեան Մոսկուայի քաղաքային բաժանմունքի աջակցութեամբ:
|